


Արմինֆո.Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդունել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների բյուրոյի (ԺՀՄԻԳ) տնօրեն Մարիա Թելալյանին, քննարկվել են Հայաստանի Հանրապետությունում խորհրդարանական ընտրությունների արդյունքներն ու ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության աշխատանքի գնահատականները։
Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, հատուկ ուշադրություն է դարձվել ընտրությունների ազատ, արդար, թափանցիկ և ժողովրդավարական անցկացմանը։
Աբիսողոմոնյանը երախտագիտություն է հայտնել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության աշխատանքի համար՝ ընդգծելով, որ հայկական կողմը ստեղծել է բոլոր պայմանները առաքելության կողմից իր գործառույթների անխափան իրականացման համար։
Նա նաև շեշտել է Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը՝ հետագայում ևս ընդլայնելու կառուցողական համագործակցությունը ԺՀՄԻԳ-ի հետ՝ ուղղված Հայաստանի Հանրապետության ընտրական համակարգի հետագա կատարելագործմանը։
Հիշեցնենք, որ հայաստանյան ընտրությունների արդյունքներով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հայտարարության մեջ նշվում է, որ նախընտրական քարոզարշավը Հայաստանում կրել է խիստ առճակատումային բնույթ, ուղեկցվել է ատելության խոսքի հռետորաբանությամբ, ընտրակաշառքի և ընտրական օրենսդրության այլ խախտումների վերաբերյալ մեղադրանքներով, ինչը հանգեցրել է բազմաթիվ քրեական գործերի հարուցմանը ընդդիմության թեկնածուների ու ակտիվիստների դեմ, որի հետևանքով ընդդիմության բազմաթիվ կողմնակիցներ ձեռնպահ են մնացել քարոզարշավին ակտիվ մասնակցելուց։ Կազմակերպությունում ուշադրություն են հրավիրել պետական ծառայողների նկատմամբ ճնշումների առկայության վրա՝ նրանց կառավարող կուսակցության միջոցառումներին հաճախել պարտադրելու նպատակով, ինչպես նաև վերջերս ներդրված սոցիալական ու տնտեսական միջոցառումներին, ինչը մտահոգություններ է առաջացրել նախընտրական քարոզարշավին մասնակցելու հավասար հնարավորությունների վերաբերյալ։ Կազմակերպությունում անդրադարձել են նաև Հայաստանի Հանրային հեռուստաընկերության կողմնակալ աշխատանքին։



