
Արմինֆո. Եվրոպական խորհուրդը Կոսմին Ջորջ Դինեսկուին նշանակել է նորաստեղծ Հայաստանում Եվրոպական միության գործընկերության առաքելության (EUPM Armenia) ղեկավար՝ մեկ տարի նախնական ժամկետով՝ սկսած 2026 թվականի հունիսի 11-ից։ Որոշումն ընդունվել է ԵՄ Քաղաքականության և անվտանգության կոմիտեի կողմից։
Եվրոխորհրդի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ EUPM Armenia առաքելությունը ստեղծվել է հայկական իշխանությունների խնդրանքով՝ 2026 թվականի ապրիլի 26-ին, երկու տարի նախնական ժամկետով՝ նպատակ ունենալով բարձրացնել երկրի դիմակայունությունը և ճգնաժամային կառավարման կարողությունները։ Առաքելությունն աջակցություն է ցուցաբերելու Հայաստանին բազմամակարդակ սպառնալիքների հակազդման գործում, ինչպիսիք են կիբերհարձակումները, օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաները և միջամտությունը (FIMI), ինչպես նաև ապօրինի ֆինանսական հոսքերը՝ տրամադրելով ռազմավարական և օպերատիվ խորհրդատվություն։
Կոսմին Դինեսկուն դեսպանի կոչումով ռումինացի դիվանագետ է, ով ունի միջազգային հարաբերությունների ոլորտում ավելի քան 25 տարվա աշխատանքային փորձ։ Նա ձեռք է բերել ղեկավարման և կառավարման լայնածավալ փորձ՝ շնորհիվ Ռումինիայի արտաքին գործերի նախարարությունում բարձր պաշտոններ զբաղեցնելու, ինչպես նաև Լիտվայում, Լատվիայում և Խորվաթիայում Ռումինիայի դեսպան նշանակվելու։
Մինչև վերջերս նա երեք տարի շարունակ զբաղեցնում էր Մոլդովայի Հանրապետությունում Եվրոպական միության գործընկերության առաքելության (EUPM Moldova) առաջին ղեկավարի պաշտոնը, որտեղ ղեկավարում էր Ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության (ԸԱՊՔ) շրջանակներում ԵՄ առաջին քաղաքացիական առաքելության ստեղծումը, որն ուղղված էր ճգնաժամերի կառավարման ազգային կառույցների աջակցությանը և հիբրիդային սպառնալիքներին հակազդմանը։
EUPM-ը ԸԱՊՔ շրջանակներում երկրորդ քաղաքացիական առաքելությունն է Հայաստանում։ Այն տարբերվում է 2023 թվականին ստեղծված Հայաստանում ԵՄ առաքելությունից (EUMA), որը զբաղվում է տեղերում իրավիճակի դիտարկմամբ և դրա վերաբերյալ զեկույցների կազմմամբ, ինչպես նաև հակամարտության գոտիներում վստահության ամրապնդմանն ու մարդկային անվտանգության ապահովմանը նպաստելով։
Ավելի վաղ ԵՄ գլխավոր դիվանագետ Կայա Կալասը հայտարարել էր Հայաստանին 15 միլիոն եվրո հատկացնելու մասին՝ «ռուսական քարոզչությանը հակազդելու» համար։
Մարտի 4-ին Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատրաստակամություն էր հայտնել Հայաստան ուղարկել եվրոպական առաքելությանը համանման ՌԴ առաքելություն, եթե Երևանը նման ցանկություն հայտնի։