
Արմինֆո. Հայաստանի մեծությամբ և նշանակությամբ երկրորդ քաղաքում՝ Գյումրիում, անհրաժեշտ է անցկացնել Ավագանու արտահերթ ընտրություններ։ Այս մասին հունիսի 10-ին լրագրողներին հայտարարել է կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ալխաս Ղազարյանը։
Գյումրիում սուր քաղաքական ճգնաժամ է ստեղծվել՝ կոռուպցիայի և իշխանության յուրացման նախապատրաստման մեղադրանքով քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալության պատճառով։ Կառավարող կուսակցությունը բոյկոտում է Ավագանու նիստերը, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է քաղաքում արտահերթ տեղական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին։
Պատգամավորի խոսքով՝ իրավական գործընթացներ են ընթանում, սակայն քաղաքը գտնվում է խայտառակ վիճակում։ Վերջին տարիներին Գյումրիում շատ քիչ աշխատանքներ են իրականացվել։ Խնդրի լուծումը տեսնում են արտահերթ ընտրությունների անցկացման և զարգացման ծրագրերի համաֆինանսավորման չափերի մեծացման մեջ։ Պատգամավորը նշել է, որ քաղաքը կանգնած է արագ վերականգնման խնդրի առջև, իսկ դրա համար անհրաժեշտ է նոր ղեկավարություն, որը պետք է լավ աշխատի առաջացած խնդրի լուծման ուղղությամբ։ Նախկին ղեկավարությունը, ինչպես ընդգծել է պատգամավորը, գործնականում ոչինչ չի արել, չի ընդունել իշխանությունների առաջարկները, և, ըստ էության, քաղաքը հայտնվել է կաթվածահար վիճակում։
Մեկ օր առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Գյումրի կատարած այցի ընթացքում իր տեսածը, մասնավորապես՝ քաղաքի որոշ թաղամասերի բակերի և փողոցների վիճակը, իր համար անսպասելի և նույնիսկ շոկային է եղել։ Գործադիր իշխանության անդամների մասնակցությամբ կայացած խորհրդակցության ժամանակ վարչապետն անդրադարձել է Գյումրիի ենթակառուցվածքային խնդիրներին և դրանց լուծման անհրաժեշտությանը։ «Այն, ինչ ես տեսա Գյումրիի թաղամասերում, անկեղծ ասած, ինձ համար անսպասելի էր և ինչ-որ չափով նույնիսկ շոկային էֆեկտ թողեց։ Ես չէի կարող պատկերացնել, որ մի երկրում, որտեղ ես վարչապետ եմ, մասնավորապես՝ 58-րդ թաղամասում, կարող են լինել նման վիճակում գտնվող բակեր ու փողոցներ, որոնք խայտառակ տեսարան են ներկայացնում»,- ասել է Փաշինյանը։ Նրա խոսքով՝ կառավարությունը պետք է հնարավորինս արագ քայլեր ձեռնարկի առկա խնդիրների լուծման համար։ «Մենք պետք է ուղիներ գտնենք, որպեսզի, եթե անհրաժեշտ է, նույնիսկ շրջանցելով տեղական ինքնակառավարման մարմինները, այնտեղ արագ գործողություններ իրականացնենք»,- նշել է վարչապետը՝ հիշեցնելով, որ ավելի վաղ արդեն հայտարարել էր Գյումրիում որքան հնարավոր է շուտ արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին։