
Արմինֆո. 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններն անցել են օրենքի համատարած խախտումների, բռնաճնշումների, բռնության, երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից բոլոր հնարավոր և անհնարին իրավական ու բարոյական նորմերի խախտումների, հրապարակային սպառնալիքների, ձերբակալությունների և ընդդիմության հալածանքների ֆոնին։
Այս մասին ասված է «Մայր Հայաստան» կուսակցության հայտարարության մեջ։
Քաղաքական ուժից ընդգծել են, որ այս ամենը հաստատվում է նաև ԵԱՀԿ դիտորդների հայտարարությամբ, ովքեր արձանագրել են ընդդիմադիր գործիչների դեմ հարուցված շինծու, քաղաքականապես մոտիվացված ապօրինի գործերի փաստերը, որոնց արդյունքում ստեղծվել են անհավասար պայմաններ։ «Մայր Հայաստան»-ում ուշադրություն են հրավիրել այն փաստի վրա, որ նույն դիտորդների հայտարարության մեջ նշվում է, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում բազմաթիվ և տարբեր քրեական գործեր են հարուցվել ընդդիմադիր գործիչների ու նրանց կողմնակիցների դեմ, ինչը հանգեցրել է հասարակության ընդդիմադիր հատվածի ակտիվության զգալի անկմանը և անհավասար պայմաններ է ստեղծել նախընտրական քարոզարշավի համար։
«Այս ընտրությունները աննախադեպ էին արտաքին ուժերի, այդ թվում՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների ներգրավվածության աստիճանով։ Այդ ուժերը բացահայտ և ուղղակիորեն աջակցում էին իշխանություններին՝ Հայաստանը ներքաշելով աշխարհաքաղաքական հակամարտությունների հորձանուտի մեջ»։
«Մայր Հայաստան» կուսակցությունը լիովին համաձայն է միջազգային դիտորդների գնահատականների հետ, քանի որ ընտրություններից ընդամենը երկու շաբաթ առաջ «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի դեմ հարուցվել է շինծու քրեական գործ՝ նպատակ ունենալով տապալել նրա նախընտրական քարոզարշավը և մեկուսացնել գործող կառավարության գլխավոր գաղափարական ու քաղաքական հակառակորդներից մեկին։ Թևանյանը զբաղեցնում է երկրորդ տեղը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) ընտրական ցուցակում։ Այս քայլով կառավարությունը խոչընդոտել է նաև ԲՀԿ-ի նախընտրական քարոզարշավը։ Բացի այդ, շինծու մեղադրանքներ են առաջադրվել ԲՀԿ ընտրական ցուցակի 4 անդամների նկատմամբ»,- հավելել են քաղաքական ուժից։
«Մայր Հայաստան»-ում վստահություն են հայտնել, որ կառավարման նման գործելաոճ է կիրառվել նաև ընդդիմության մյուս մասնակիցների նկատմամբ, ինչի հետևանքով՝ ընտրություններից առաջ և ընտրությունների օրը հարյուրավոր ընդդիմադիր ակտիվիստների ձերբակալության պատճառով, ընդդիմադիր հատվածի ակտիվ գործունեությունը զգալիորեն անկում է ապրել, ինչը գրեթե վերացրել է հավասար պայմանները կառավարող ուժի և ընդդիմադիր քաղաքական խմբերի միջև։
«Արձանագրում ենք, որ վերը նշված բոլոր դիտարկումներն ազդել են ընտրությունների արդյունքների վրա, և դրանք չեն կարող համարվել լեգիտիմ՝ արդար, ազատ և մրցակցային։ Մենք կոչ ենք անում բոլոր հասարակական և քաղաքական գործիչներին քաղաքական գնահատական տալ ընտրություններին ու ստեղծված իրավիճակին և համատեղ քայլեր ձեռնարկել Հայաստանում լեգիտիմություն հաստատելու համար»,- ամփոփել են «Մայր Հայաստան»-ում։
Հիշեցնենք, որ 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում տեղի են ունեցել հերթական խորհրդարանական ընտրությունները։ Ընտրություններին մասնակցությունը կազմել է 58,97%: Ըստ Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների՝ խորհրդարան են անցնում Նիկոլ Փաշինյանի կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» դաշինքը, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը։ Մնացած թեկնածուների արդյունքները ցածր են կուսակցությունների համար անհրաժեշտ 4% և դաշինքների համար 8-10% անցողիկ շեմից։ Հատկանշական է, որ գործարար Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրել է անցողիկ 4 տոկոսը այն բանից հետո, երբ ԿԸՀ-ն ճշգրտել է հունիսի 7-ին երկրում կայացած խորհրդարանական ընտրությունների քվեարկության նախնական հաշվարկների արդյունքները։ Այս կապակցությամբ կուսակցությունը չի մտնի նոր խորհրդարան։
Նշենք, որ ընտրությունների օրը՝ վաղ առավոտից, դիտորդներն ու լրագրողները ահազանգում էին կառավարող ուժի կողմից քվեարկության կազմակերպման ընթացքում բազմաթիվ խախտումների մասին։ Այսպիսով, Փաշինյանի կուսակցությունը հնարավորություն ունի միանձնյա ձևավորել երկրի կառավարությունը՝ ստանալով մանդատների մեծամասնությունը Հայաստանի խորհրդարանում։ Ինչի մասին ուշ գիշերով, երբ մշակված էին ընտրատեղամասերի միայն մոտ 10%-ի տվյալները, հանդիսավոր կերպով հայտարարեց ինքը՝ Փաշինյանը։