


Արմինֆո. Ադրբեջանի զինված ուժերի ներկայությունը Հայաստանի ինքնիշխան տարածքում չի կարող մտահոգություն չհարուցել։ Այս մասին հունիսի 9-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։
Նրա խոսքով՝ հույս կա, որ սահմանազատման և սահմանագծման անցկացման արդյունքում խնդիրը կլուծվի։ Ասրյանը նշել է նաև առաջապահ դիրքերի ամրապնդման ուղղությամբ կատարված զգալի աշխատանքը: Միաժամանակ, նա փաստել է, որ ոչ ԶՈՒ առաջապահ զորամասերը, ոչ էլ գլխավոր շտաբը որևէ կապ չեն պահպանում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների հետ:
Խոսելով նոր զինատեսակների գնումների մասին՝ ԳՇ պետը նշել է, որ այն ձեռք չի բերվում հենց այնպես, ուսումնասիրություններ են կատարվում, ուսումնասիրվում են այս կամ այն զինատեսակի պարամետրերը, որքանով է այն ունակ ինտեգրվել գործող պաշտպանական համակարգին, արդյոք զինծառայողներն ունակ են կարճ ժամանակում յուրացնել այն և այլն: Այս համատեքստում ԳՇ ղեկավարը նշել է այն տեխնիկան, որը ներկայացվել էր մայիսի 28-ի զորահանդեսին, ընդգծելով, որ այն գտնվում էր լիարժեք մարտական պատրաստության վիճակում։



