
Արմինֆո.Հայաստանում առկա են քաղաքացիության հետ կապված խնդիրներ։ Այս մասին հունիսի 9-ին ՀՀ Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։
Նրա խոսքով՝ ներկայումս աշխատանքներ են տարվում քաղաքացիության ոլորտի ռազմավարության մշակման ուղղությամբ, ինչը Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման ծրագրի պահանջներից մեկն է։ Մասնավորապես, նախատեսվում է հստակեցնել քաղաքացիության շնորհման կարգը, քանի որ գործող համակարգը կապված է մի շարք բարդությունների հետ։ Խոսքը, օրինակ, քաղաքացիության շնորհման ժամանակ բնակության ցենզի հստակեցման և քաղաքացիության հանդեպ հարգանքի ինստիտուտի ձևավորման մասին է, որը պետք է դառնա հիմնական պետական ինստիտուտներից մեկը։ Շատ կարևոր է պայմաններ ստեղծել բնակության ցենզի ստուգման համար։
Ինչպես ընդգծել է Արմեն Ղազարյանը, ներկայումս վերաբերմունքը նշված ինստիտուտի նկատմամբ բավականին թեթև է և սառը։ Մինչդեռ քաղաքացիությունն իր մեջ ներառում է իրավունքների և պարտականությունների տարրեր։ Երկրի Սահմանադրական դատարանն արդեն իսկ կայացրել է համապատասխան որոշում այս հարցով, որում ընդգծվում է իրավունքներից ու պարտականություններից բացի սեփական պետության հանդեպ պատասխանատվություն ունենալու անհրաժեշտությունը։ Այդ պատճառով աշխատանքներ են տարվում ոչ միայն ռազմավարության, այլև օրենսդրական բարեփոխումների փաթեթի մշակման ուղղությամբ, որը կներկայացվի երկրի խորհրդարան։
Փոխնախարարն այս համատեքստում նշել է նոր կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի ներդրման կարևորությունը։ Ներկայումս գործող համակարգը չի համապատասխանում Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) պահանջներին, և այդ պատճառով նոր փաստաթղթերի ներդրման գործընթացը գտնվում է ավարտական փուլում։ Այս գործընթացն իրականացվում է պետություն-մասնավոր գործընկերության շրջանակներում։ Միայն կապալառուի ընտրության մրցույթի նախապատրաստման համար հատկացվել է մեկ տարի, ինչը թույլ է տվել ներգրավել միջազգայնորեն ճանաչված որակավորված ընկերության։
Արմեն Ղազարյանը հայտնել է նաև «անցումային խորհրդատուի» համակարգի ներդրման կապալառուի ընտրության մրցույթի անցկացման փաստաթղթերի նախապատրաստման մասին, որը կոչված է լինելու ինստիտուցիոնալ կերպով լուծել տեսահսկման խցիկների և այլ տեխնիկայի հարցը, որոնք անհրաժեշտ են հանցագործությունների կանխարգելման ու բացահայտման, ինչպես նաև ճանապարհային երթևեկության խնդիրների կարգավորման համար։ Նա նկատել է, որ հարցը պետք է դիտարկել ոչ թե պարզապես տեսախցիկների տեղադրման համատեքստում, այլ բացարձակապես նոր ենթակառուցվածքի ներդրման տեսանկյունից։ Մրցույթի արդյունքում կհայտնվի որակավորված խորհրդատու, ում հետ էլ այս հարցը կստանա իր լուծումը։