
Արմինֆո.ԱԺ ընտրությունների արդյունքները որևէ պարագայում չեն կարող կոչվել արդար, մրցակցային կամ թափանցիկ, քանի որ արձանագրված վերջնական արդյունքը ձևավորվել է ընտրական, քրեական և վարչական օրենսգրքերի բազմաթիվ հոդվածների խախտումների պայմաններում: Այդ մասին Facebook-ի իր էջում հայտարարել է "Դեմ են բոլորիբ" կուսակցությունը։
«Հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունները անցել են վարչական ռեսուրսի համատարած և համակարգված կիրառմամբ, ընտրակաշառքի, սպառնալիքի, ատելության խոսքի, հասարակության ծայրահեղ բևեռացման մթնոլորտում:
Այս ընտրությունները և դրանում գրանցված արդյունքները վերահաստատում են «Բոլորին դեմ եմ» կուսակցության այն պնդումը, որ քաղաքացիների կամարտահայտման և դրա արդար արձանագրման հնարավորություն չկա։ Եվս մեկ անգամ վերահաստատում ենք, որ ցանկալի արդյունքին հասնել հնարավոր է միայն հեղափոխական փոփոխություններ բերելով։
Մենք խորին երախտագիտություն ենք հայտնում բոլորին դեմ քվեարկած 21 467 քաղաքացիներից յուրաքանչյուրին, որոնք, անկախ սպառնալիքներից, պրոպագանդայից, կիրառվող ընտրական այլ խախտումներից, վճռականորեն քվեարկեցին բոլորին դեմ:
Բոլորին դեմ եմ կուսակցությունն ի գիտություն է ընդունում ԱԺ ընտրությունների արդյունքները՝ արձանագրելով և հստակ ընդգծելով, որ դրանք որևէ պարագայում չեն կարող կոչվել արդար, մրցակցային կամ թափանցիկ, քանի որ արձանագրված վերջնարդյունքը ձևավորվել է ընտրական, քրեական և վարչական օրենսգրքերի բազմաթիվ հոդվածների խախտումներով:
Մենք շարունակելու ենք մեր պայքարը՝ վեր հանելով մեր հանրային, քաղաքական կյանքի, մեր ապրելու կազմակերպչական ձևի բոլոր արատները ու գտնելով դրանց համար լուծումներ։
Մենք ընդլայնվելու ենք՝ ներառելով ավելի ու ավելի շատ ստեղծագործ և անհաշտ մարդկանց հանուն փոփոխության, տոտալ և ամե՛ն ինչին վերաբերող փոփոխության», - ասվում է հայտարարությունում։
Հիշեցնենք, որ 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցան հերթական խորհրդարանական ընտրությունները։ Ընտրություններին մասնակցությունը կազմել է 58,97 տոկոս։ Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների համաձայն, բոլոր 2005 ընտրատեղամասերի ձայների հաշվարկի արդյունքում խորհրդարան են անցնում Նիկոլ Փաշինյանի իշխող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունը, Սամվել Կարապետյանի "Ուժեղ Հայաստան" դաշինքը, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի "Հայաստան"դաշինքը: Մյուս թեկնածուների արդյունքները ցածր են կուսակցությունների համար անհրաժեշտ 4 տոկոս, դաշինքների համար՝ 8-10 տոկոս անցողիկ շեմից։
Նշենք, որ ընտրությունների օրը վաղ առավոտից դիտորդներն ու լրագրողներն ահազանգում էին իշխող ուժի կողմից քվեարկության կազմակերպման բազմաթիվ խախտումների մասին: Այսպիսով, Փաշինյանի կուսակցությունը հնարավորություն ունի միանձնյա ձևավորել երկրի կառավարությունը ՝ ստանալով Հայաստանի խորհրդարանում մանդատների մեծամասնությունը: Այդ մասին նա հանդիսավոր հայտարարել էր ուշ գիշերին, երբ մշակվել էին ընտրատեղամասերի միայն մոտ 10% - ի տվյալները։ -0-