
Արմինֆո."Ազգային-ժողովրդավարական բևեռ" կուսակցությունը Հայաստանի քաղաքացիներին և քաղաքական ուժերին կոչ է արել թույլ չտալ օրենքի և ժողովրդավարության կոպիտ ոտնահարում և միասնական ջանքերով կանխել իշխանազավթման քայլը և բռնատիրության հաստատումը Հայաստանում։ ԱրմԻնֆո-ին տրամադրված ԱԺԲ-ի հայտարարությունում ասվում է․
«2026 թվականի հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրություններից ժամեր անց՝ հունիսի 8-ին, գիշերը ժամը 02:00-ի սահմաններում, երբ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մշակել և հրապարակել էր քվեարկությանը մասնակցած ընտրողների ձայների ընդամենը շուրջ 10 տոկոսի տվյալները (մոտ 145.000 ձայն), որոնցից Երևանի ընդամենը վեց ընտրատեղամասերի տվյալները կազմում էին շուրջ 3.350 ձայն, ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե իր կուսակցությունը հաղթել է ընտրություններում և ստացել է միանձնյա կառավարություն ձևավորելու համար անհրաժեշտ մեծամասնություն։ Ավելին, նա նաև պնդեց, որ իր կուսակցությունը ստացել է ավելի շատ ձայներ, քան նախորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ։
Այս հայտարարությունը հնչեց այն պահին, երբ ընտրությունների արդյունքների ճնշող մեծամասնությունը դեռևս չէր ամփոփվել, չէին ուսումնասիրվել ընտրախախտումների վերաբերյալ ահազանգերը, չէին ավարտվել հնարավոր բողոքարկման և վերահաշվարկի գործընթացները, իսկ ընտրությունների վերջնական արդյունքները հրապարակելու սահմանադրական լիազորություն ունեցող մարմինը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որևէ պաշտոնական եզրակացություն դեռևս չէր ներկայացրել։
Ընտրությունների արդյունքները որոշելու և հրապարակելու իրավասությունը Հայաստանի Հանրապետությունում վերապահված է բացառապես Կենտրոնական ընտրական հանձնաժողովին։ Որևէ պաշտոնատար անձ իրավասու չէ իրեն վերապահել ժողովրդի կամարտահայտության վերջնական գնահատողի դերը և սեփական հայեցողությամբ հռչակել ընտրությունների արդյունքները։
Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են ժողովրդի կամքի միակ կրողները, իսկ ընտրությունների արդյունքները կարող են հաստատվել միայն օրենքով սահմանված կարգով։
Մենք դատապարտում ենք Նիկոլ Փաշինյանի այս գործելակերպը և այն դիտարկում որպես պետության ինստիտուտների հեղինակազրկման, ընտրական գործընթացի նկատմամբ ճնշման և իշխանության պահպանման նպատակով իրականացվող հերթական հակաժողովրդավարական քայլ։
Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և քաղաքական ուժերին թույլ չտալ օրենքի և ժողովրդավարության նման կոպիտ ոտնահարումը և միասնական ջանքերով կանխել իշխանազավթման այս քայլը և բռնատիրության հաստատումը Հայաստանում։
Հայաստանի Հանրապետությունը մեկ մարդու սեփականությունը չէ, իսկ ժողովրդի քվեն՝ մեկ մարդու կողմից նախապես սեփականաշնորհվող ավար»։
Հիշեցնենք, որ 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցան հերթական խորհրդարանական ընտրությունները ։ Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների համաձայն, բոլոր 2005 ընտրատեղամասերի ձայների հաշվարկի արդյունքում խորհրդարան են անցնում Նիկոլ Փաշինյանի իշխող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունը, Սամվել Կարապետյանի "Ուժեղ Հայաստան" դաշինքը, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի "Հայաստան"դաշինքը: Մյուս թեկնածուների արդյունքները ցածր են կուսակցությունների համար անհրաժեշտ 4 տոկոս, դաշինքների համար՝ 8-10 տոկոս անցողիկ շեմից։ Ընտրություններին մասնակցությունը կազմել է 58,97 տոկոս։ Ամբողջ երկրում կայացած ընտրություններին քվեարկել է 1 476 597 քաղաքացի ՝ ընտրելու իրավունք ունեցող 2 միլիոն 505 հազար 228 քաղաքացիներից:
Նշենք, որ ընտրությունների օրը վաղ առավոտից դիտորդներն ու լրագրողներն ահազանգում էին իշխող ուժի կողմից քվեարկության կազմակերպման բազմաթիվ խախտումների մասին: Այսպիսով, Փաշինյանի կուսակցությունը հնարավորություն ունի միանձնյա ձևավորել երկրի կառավարությունը ՝ ստանալով Հայաստանի խորհրդարանում մանդատների մեծամասնությունը: Այդ մասին նա հանդիսավոր հայտարարել էր ուշ գիշերին, երբ մշակվել էին ընտրատեղամասերի միայն մոտ 10% - ի տվյալները։