


Արմինֆո. Ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին ընտրատարածքի համապատասխան ընտրական հանձնաժողով դիմում կարելի է ներկայացնել հունիսի 8-ին՝ ժամը 12:00-ից մինչև 18:00-ն, կամ հունիսի 9-ին' ժամը 9:00-ից մինչև 11:00-ն: Այդ մասին հաղորդում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
Նշվում է, որ վերահաշվարկի մասին դիմում կարող է ներկայացնել ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուն, նրա ներկայացուցիչը կամ ընտրատեղամասի ընտրական հանձնաժողովի անդամը:
Նույն ժամկետում ընտրատեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ ընտրատարածքի համապատասխան ընտրական հանձնաժողով դիմում կարող է ներկայացվել նաեւ կուսակցության, կուսակցությունների կոալիցիայի, ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի, նրա ներկայացուցչի կամ ընտրական տեղամասի ընտրական հանձնաժողովի անդամի կողմից:
Հիշեցնենք, որ 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցան հերթական խորհրդարանական ընտրությունները ։ Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների համաձայն, բոլոր 2005 ընտրատեղամասերի ձայների հաշվարկի արդյունքում խորհրդարան են անցնում Նիկոլ Փաշինյանի իշխող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունը, Սամվել Կարապետյանի "Ուժեղ Հայաստան" դաշինքը, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի "Հայաստան" դաշինքը: Մյուս թեկնածուների արդյունքները ցածր են կուսակցությունների համար անհրաժեշտ 4 տոկոս, դաշինքների համար՝ 8-10 տոկոս անցողիկ շեմից ։ Ընտրություններին մասնակցությունը կազմել է 58,97 տոկոս։
Նշենք, որ ընտրությունների օրը վաղ առավոտից դիտորդները եւ լրագրողները ահազանգում էինկառավարող ուժի կողմից քվեարկության կազմակերպման բազմաթիվ խախտումների մասին։ Այսպիսով՝ Փաշինյանի կուսակցությունը հնարավորություն ունի միանձնյա ձեւավորել երկրի կառավարություն՝ ստանալով մանդատների մեծամասնությունը խորհրդարանում, ինչի մասին նա հանդիսավոր հայտարարել էր ուշ գիշերին, երբ մշակվել էին ընտրատեղամասերի ընդամենը մոտ 10% - ի տվյալները։



