


Արմինֆո. Հոսանքազրկումը որևէ կերպ չի կարող ազդել ո՛չ քվեարկության արդյունքների, ո՛չ էլ դրանց ամփոփման գործընթացի վրա: Հունիսի 7-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Վահագն Հովակիմյանը:
Միևնույն ժամանակ նա նշեց, որ յուրաքանչյուր ընտրատեղամասի տրամադրվել է երկուական հատուկ LED լամպ, որոնք ընդունակ են լուսավորություն ապահովել 10 ժամվա ընթացքում:
Բացի այդ, ԿԸՀ ղեկավարն ընդգծեց, որ ընտրատեղամասերում օգտագործվող սարքերի լիարժեք աշխատանքի համար էլեկտրամատակարարում չի պահանջվում, քանի որ դրանք աշխատում են մարտկոցներով: Նրա խոսքով՝ ինքնավար սնուցմամբ են գործում նաև տեղամասերում տեղադրված տեսախցիկները, որոնք իրական ժամանակի ռեժիմով հեռարձակում են կատարվողը։
«Նույնիսկ եթե էլեկտրաէներգիայի անջատման պատճառով մենք պատկերը չտեսնենք, ձայնագրությունը միևնույն է հասանելի կլինի: Այսինքն՝ ցանկացած դեպքում ամեն ինչ ձայնագրվելու է, և այս կամ այն տեղամասում խախտման վերաբերյալ ազդանշան ստանալու կամ որևէ խնդիր առաջանալու դեպքում մենք կկարողանանք ամբողջությամբ վերարտադրել իրադարձությունները և հասկանալ, թե հատկապես ինչ է տեղի ունեցել», - ասաց Հովակիմյանը:
Հիշեցնենք, որ ընտրական իրավունք ունեցող Հայաստանի 2.503.976 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 1.476.597 մարդ: Այսպիսով, մասնակցությունը կազմել է 58,97%:
Նշենք նաև, որ հունիսի 7-ի վաղ առավոտից դիտորդները, հանձնաժողովների անդամները, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները արձանագրում են ընտրական գործընթացի բազմաթիվ խախտումներ: Բացի այդ, այսօր վթարային անջատումներ են գրանցվել Երևանի տասնյակ հասցեներում, ինչպես նաև Զովունի, Եղվարդ, Արտիմետ, Առինջ գյուղերում և Գյումրի քաղաքում: Սա առաջին դեպքը չէ, երբ երկրում ընտրությունների անցկացման օրը հանկարծակի լույսերն անջատվում են։ Այսպես, 2021 թվականի հունիսին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ նույնպես ժամը 20:00-ին՝ ընտրատեղամասերի փակվելուց հետո, կես երկիրը հոսանքազրկվել էր:



