
Արմինֆո. Հայաստանի ՆԳՆ-ը և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հաղորդել են խորհրդարանական ընտրությունների ընթացքում ստացված ահազանգերի և արձանագրված խախտումների մասին:
ՆԳՆ հաղորդագրչության համաձայն, հունիսի 7-ին՝ ժամը 14։00-ի դրությամբ, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնի 112 հեռախոսահամարին և 87-67 թեժ գծին ստացվել է 29 ահազանգ։
«Արձանագրվել է կրկնաքվեարկության՝ 6, քվեարկության գաղտնիության խախտման 5 դեպք, որոնցով կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Ձերբակալվել է 6 անձ։
Ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացված 121 տեղեկությունները ստուգման փուլում են։ Ստուգվում են նաև մամուլում և սոցիալական հարթակներում ընտրությունների վերաբերյալ հրապարակումները։
ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից կատարված աշխատանքները․
Ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու մասին դիմում ներկայացրել է 1326 անձ։ Ընտրություններին մասնակցելու համար համայնքներում ժամանակավորապես տրվող անձը հաստատող փաստաթուղթ (ձև 9) ստացել է 752 անձ։
ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում գործող «Զանգերի կենտրոնում» (84-22) ընտրությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ ստացվել է 820 զանգ։
ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բաժիններում և ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակներում խորհրդատվություն է տրամադրվել 316 քաղաքացու», - ասվում է հաղորդագրությունում։
Միեւնույն ժամանակ, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հաղորդել են, որ ՄԻՊ աշխատակազմի թեժ գծին Ազգային ժողովի ընտրությունների օրը՝ ժամը 15:00-ի դրությամբ ստացվել է ընտրական գործընթացի ընթացքում մարդու իրավունքներին առնչվող 59 հեռախոսազանգ:
«Խնդիրների մի մասը չի վերաբերել ՄԻՊ մանդատին և փոխանցվել է իրավասու մարմիններին: Խնդիրների մի հատված էլ վերաբերել է համակարգային բնույթ ունեցող օրենսդրական հարցերի, որոնք արագ արձագանքման ձևաչափով միջամտություն չեն ենթադրում: ՄԻՊ մանդատին վերաբերելի 15 խնդիր Պաշտպանի աջակցությամբ ստացել է դրական լուծում։
Պաշտպանի աշխատակազմը նշված ժամանակահատվածում ուսումնասիրել է նաև լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում զետեղված 170 հրապարակում։
Ստացված ահազանգերը, ի թիվս այլնի, վերաբերել են ընտրացուցակներում անձի տվյալների բացակայությանը, քվեարկության ընթացակարգերին, ընտրատեղամասերի մատչելիությանը և հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքների իրացմանը, ստացիոնար բուժման մեջ գտնվող անձի ընտրական իրավունքի իրացմանը, այլ համայնքի հաշվառում ունեցող կամ որևէ համայնքում հաշվառում չունեցող ընտրողների ընտրելու իրավունքի իրացմանը, օրվա ընթացքում քրեական վարույթներին առնչվող հարցերին և այլն:
Քաղաքացիներին տրվել են լիարժեք խորհրդատվություններ, ըստ կոնկրետ դեպքերի անմիջապես պարզաբանումներ են պահանջվել իրավասու մարմիններից։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է հետևել
ընտրական գործընթացի ընթացքում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերին:
Ընտրական իրավունքներին առնչվող բողոքներն ու ահազանգերը կարելի է Պաշտպանին ներկայացնել 116 կամ (096) 116 100 թեժ գծի հեռախոսահամարներով։
Օրվա ընթացքում արձանագրված խնդիրները կամփոփվեն և սահմանված կարգով կհասցեավորվեն», - նշվում է ՄԻՊ գրասենյակի հաղորդագրությունում: