


Արմինֆո. Ռուսաստանը փորձել և փորձում է Հայաստանին հասցնել, որ ԵՄ-ը, գործնականում, արդեն փոխակերպվել է ռազմաքաղաքական դաշինքի։ Այդ մասին ասել է Ռուսաստանի կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկը՝ "Վեստի"-ի հետ հարցազրույցում ։
"Մենք մշտապես այդ մասին ասել ենք Հայաստանին, ընդ որում, մեկ տարի չէ, որ այդ մասին խոսել ենք։ Բնականաբար, այդ ամենն ընթացել է փակ ռեժիմներով, մենք չէինք ուզում դա հրապարակայնացնել։ Խոսել ենք այն մասին, որ Եվրամիությունն այսօր արդեն այն տնտեսական ինտեգրացիոն միավորումը չէ ։ Այսօր դա միություն է, որը, գործնականում, արդեն փոխակերպվել է ռազմաքաղաքական դաշինքի, որը բացահայտ հայտարարում է մեր երկրի նկատմամբ իր թշնամանքի մասին", - ասել է Օվերչուկը։
Հիշեցնենք, որ մայիսի 29-ին Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ղեկավարները Հայաստանի վերաբերյալ համատեղ հայտարարություն են ընդունել, որում կոչ են արել Երևանին հստակեցնել իր աշխարհաքաղաքական առաջնահերթությունները: Նրանք կողմ են արտահայտվել Հայաստանում ԵՄ-ին անդամակցելու և հետագայում ԵԱՏՄ-ում գտնվելու միջև ընտրության վերաբերյալ հանրաքվե անցկացնելուն։ Փաստաթուղթը փոխանցվել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ Աստանայի գագաթնաժողովի շրջանակում: Չորս երկրներ անհրաժեշտ են համարում, որ Հայաստանի ժողովուրդն՝ ինքը, որոշի իր արտաքին քաղաքական գիծը և ընտրություն կատարի Եվրոպական միության և Եվրասիական տնտեսական միության միջև: Ավելին, մինչև 2026 թվականի դեկտեմբեր կքննարկվի Երևանի նկատմամբ Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը կասեցնելու հնարավոր մեխանիզմի հարցը։ Զուգահեռաբար, սահմանափակումներ են կիրառվում Հայաստանում արտադրված գրեթե ամբողջ գյուղատնտեսական արտադրանքի ներկրման նկատմամբ։



