
Արմինֆո. ԵՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ հանրաքվեն կանցկացվի այն ժամանակ, երբ որոշակիություն լինի։ Այդ մասին հունիսի 7-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ ներկայումս Հայաստանն ակնհայտորեն պատրաստ չէ ԵՄ-ին անդամակցելու։ Փաշինյանը կարծում է, որ եթե, նույնիսկ, երկիրը չանդամակցի ԵՄ-ին, բայց համապատասխանի եվրոպական ստանդարտներին, միևնույն է, շահած կլինի:
Ինչ վերաբերում է Եվրասիական տնտեսական միությանը, վարչապետը կրկնել է, որ երկիրը չի կարող զրկվել ԵԱՏՄ անդամի կարգավիճակից, որտեղ բոլոր հարցերն ընդունվում են կոնսենսուսով: Այս ֆոնին՝ Փաշինյանը կարծում է, որ Ռուսաստանի կողմից գյուղմթերքների մատակարարման սահմանափակումները "սովորական հարցեր են"։ "Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերում ամեն անգամ քննարկվում են բուսասանիտարական նորմերի, ապրանքների արտահանման, վերաարտահանման, դրանց ծագման հետ կապված տասնյակ հարցեր", - ասել է ՀՀ կառավարության ղեկավարը, միաժամանակ հավելելով, որ ԵԱՏՄ գործընկերները փոխանակ նպաստելու Հայաստանում ԵԱՏՄ-ի դրական ընկալմանը, ամեն ինչ անում են այդ ընկալումը նվազեցնելու համար: Այդուհանդերձ, ինչպես նշել է Հայաստանի կառավարության ղեկավարը, Երևանը հավասարակշռված արտաքին քաղաքականություն է վարելու Ռուսաստանի և ԵՄ-ի հետ հարաբերություններում:
Հիշեցնենք, որ մայիսի 29-ին Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ղեկավարները Հայաստանի վերաբերյալ համատեղ հայտարարություն են ընդունել, որում կոչ են արել Երևանին հստակեցնել իր աշխարհաքաղաքական առաջնահերթությունները: Նրանք արտահայտվել են Հայաստանում ԵՄ-ին անդամակցելու և հետագայում ԵԱՏՄ-ում գտնվելու միջև ընտրության վերաբերյալ հանրաքվե անցկացնելու օգտին։ Փաստաթուղթը փոխանցվել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ Աստանայի գագաթնաժողովի շրջանակում: Չորս երկրներն անհրաժեշտ են համարում, որպեսզի Հայաստանի ժողովուրդն ինքը որոշի իր արտաքին քաղաքական գիծը և ընտրություն կատարի Եվրոպական միության և Եվրասիական տնտեսական միության միջև: Ավելին, մինչև 2026 թվականի դեկտեմբեր կքննարկվի Երևանի նկատմամբ Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը կասեցնելու հնարավոր մեխանիզմի հարցը։ Զուգահեռ սահմանափակումներ են մտցվել Հայաստանում արտադրված գրեթե ողջ գյուղատնտեսական արտադրանքի ներկրման նկատմամբ։