


Արմինֆո. ՆԳ նախարարությունը ընտրական գործընթացի ընթացքում կապահովի շուրջօրյա արձագանք։ ՆԳՆ հաղորդագրության համաձայն, կգործեն 87-67 և 84-22 թեժ գծերը։
«Ազգային ժողովի հերթական ընտրությունների ընթացքում ընտրական գործընթացի օրինականության, թափանցիկության և հասարակական կարգի ապահովման նպատակով ՆԳՆ ստորաբաժանումները կիրականացնեն շուրջօրյա ծառայություն։
Ընտրական գործընթացի ընթացքում ենթադրյալ իրավախախտումների, ընտրական իրավունքի, հասարակական կարգի խախտման դեպքերի, ինչպես նաև ընտրություններին առնչվող այլ տեղեկությունների վերաբերյալ ահազանգերի և հաղորդումների սպասարկումն ապահովելու նպատակով ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում հունիսի 6-ին և 7-ին կգործի 87-67 թեժ գծի հեռախոսահամարը, կապահովվի նաև օտարալեզու սպասարկում։
Միաժամանակ, ընտրողների ցուցակների, ընտրական իրավունքի և դրա իրացման ձևերի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար քաղաքացիները կարող են զանգահարել 84-22 հեռախոսահամարին։
Ստացված բոլոր ահազանգերն ու հաղորդումները կքննարկվեն օրենքով սահմանված կարգով, իսկ անհրաժեշտության դեպքում կձեռնարկվեն համապատասխան միջոցառումներ», - ասվում է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները նախատեսված են 2026թ. հունիսի 7-ին: Ընտրություններին մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 2 դաշինք եւ 16 կուսակցություն: 2026 թվականի մայիսի 29-ի դրությամբ ընտրական ռեեստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2 485 232 մարդ: Քվեարկությունը տեղի կունենա 2005 ընտրատեղամասերում։



