
Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ:
Ինչպես հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը, զրուցակիցները քննարկել են Հայաստանի առջև ծառացած տնտեսական մարտահրավերներին արձագանքելուն և երկկողմ համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր:
Ուրսուլա ֆոն դեր Լայենը վերահաստատել է Եվրոպական միության հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի տնտեսական դիմակայունության և զարգացման ծրագրերին: Նա տեղեկացրել է, որ ԵՄ-ն պատրաստում է աջակցության փաթեթ, որը ներառում է ավելի քան 50 միլիոն եվրոյի անհապաղ ֆինանսական օգնություն, ինչպես նաև լրացուցիչ միջոցներ՝ ուղղված հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնմանն ու առևտրի դյուրացմանը:
Քննարկվել են նաև գյուղատնտեսության և ծաղկաբուծության ոլորտներին աջակցության տարբեր գործնական ծրագրեր: Այս համատեքստում ընդգծվել է եվրոպական շուկաներում հայկական արտադրանքի համար նոր հնարավորությունների ստեղծման կարևորությունը:
Զրուցակիցները մեծ արժեք են տվել գործարար կապերի խորացմանը և Երևանում կայացած Հայաստան-ԵՄ գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական կատարմանը, ինչպես նաև Հայաստան-ԵՄ ռազմավարական օրակարգի առաջմղմանը: Նշվել է, որ «Դիմակայունության և աճի ծրագրի» շրջանակներում ԵՄ աջակցությունն արդեն իսկ նպաստել է Հայաստանում հազարավոր ձեռնարկությունների զարգացմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը:
Լուսաբանվել են նաև տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում Հայաստանի և ԵՄ գործընկերության շրջանակներում իրականացվող նախաձեռնությունները: Ուրսուլա ֆոն դեր Լայենը վերահաստատել է ԵՄ պատրաստակամությունը՝ աջակցելու ենթակառուցվածքային նախագծերի և տարածաշրջանային կոմունիկացիաների (հաղորդակցությունների) զարգացմանը:
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի ստեղծման վերաբերյալ, որը կհամակարգի ընթացիկ ծրագրերի իրականացումը և կքննարկի համագործակցության նոր ուղղությունները:
Ավելի վաղ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել էր, որ Ռուսաստանի վերջին սահմանափակումները, որոնք ուղղված են Հայաստանի դեմ, ոչ այլ ինչ են, քան տնտեսական հարկադրանք, և դա անընդունելի է: «Հայկական արտադրանքի նկատմամբ արտահանման սահմանափակումները երկարաձգելով՝ Մոսկվան տնտեսական հարաբերություններն օգտագործում է որպես զենք քաղաքական ճնշման համար։ Մենք չափազանց լավ գիտենք այս սցենարը։ Հենց այդ պատճառով էլ Եվրոպան ամուր կանգնած է Հայաստանի կողքին»,- ասված է Ուրսուլա ֆոն դեր Լայենի հայտարարության մեջ։ Նրա խոսքով՝ աջակցությունը չի սահմանափակվի նշված գումարով և կներառի որոշակի հայկական ապրանքների, մասնավորապես՝ ագրոպարենային ապրանքների առևտրի դյուրացման միջոցներ, ինչպես նաև գործնական աջակցություն տուժած ոլորտներին, «ինչպիսիք են հայկական ծաղիկները՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանը վերջերս կասկածելի մեղադրանքների հիման վրա սահմանափակել է հայկական ծաղիկների ներմուծումը»։ «Նախատեսվում է, որ 10 000 ծաղկի խմբաքանակը Լատվիա կհասնի վաղը։ Դրան կհետևեն մյուսները։ Մենք նաև կշարունակենք կապեր հաստատել մեր բիզնեսների միջև՝ հետևելով Երևանում կայացած մեր վերջին գագաթնաժողովում ստանձնած պարտավորություններին»,- ասել է նա։ Եվրահանձնաժողովի ղեկավարը նշել է, որ ԵՄ աջակցությունը 2024 թվականից ի վեր՝ «Դիմակայունության և աճի պլանի» շրջանակներում, արդեն իսկ օգնել է 7000 ձեռնարկությունների և նպաստել ավելի քան 20 000 աշխատատեղերի ստեղծմանը։ «Հայաստանը մի վայր է, որտեղ հանդիպում են տաղանդը, նորարարությունը և հնարավորությունները։ Եվրոպական բիզնեսի համար սա առանցքային վայր է, որտեղ պետք է լինել»,- ընդգծել է նա։ Ֆոն դեր Լայենը նաև «գերազանց քայլ առաջ» է անվանել Թուրքիայի հետ առևտրային երթուղիների վերջին վերաբացումը, ներառյալ երկաթուղային հաղորդակցությունը Վրաստանի և Թուրքիայի տարածքով։ «Հայաստանը պոտենցիալ ունի դառնալու ռազմավարական հաբ, որը միացնում է Եվրոպան, Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան։ Մենք պատրաստ ենք աջակցել ենթակառուցվածքներին և սահմանային անցակետերին՝ տարածշրջանային կապերի վերաբացմանը զուգընթաց»,- ասել է նա։ Եվրահանձնաժողովի ղեկավարը նշել է, որ համաձայնություն է ձեռք բերվել ԵՄ-Հայաստան համատեղ աշխատանքային խմբի ստեղծման վերաբերյալ՝ բոլոր այս ուղղություններով արդյունավետ համակարգումն ապահովելու համար, որը կվերահսկի այս բոլոր նախաձեռնությունների և ապագայում ցանկացած հետագա միջոցառումների իրականացումը։