
Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանակին Հայաստանի երեք դատական ատյաններում մեղավոր է ճանաչվել և դատապարտվել է 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի առնչությամբ, բայց հետո տարօրինակ հանգամանքներում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշմամբ արդարացվել է:
Այդ մասին "Արմենիա" հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ, "Հայաստան" դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը, պարզաբանելով, թե ինչու 2008թ.մարտի 1-ի դեպքերի առնչությամբ ինքը մինչ օրս ոչ մի հայց չի ներկայացրել Փաշինյանի դեմ, մինչդեռ, Հայաստանի վարչապետը նրան մեղադրել է այդ իրադարձությունների համար։
Քոչարյանն այդ առնչությամբ հարց է տվել, թե ինչպես պետք է դիմեր դատարան, և՝ ինչու։ "Չէ որ Փաշինյանը ժամանակին այդ գործով դատապարտվել է որպես զանգվածային անկարգություններ հրահրած և կազմակերպած մարդ։ Այժմ նրանք հղում են անում ՄԻԵԴ-ի որոշմանը, որով նա, իբր, արդարացվել է ։ Սակայն իրականում Փաշինյանը հայաստանյան երեք ատյաններում մեղավոր է ճանաչվել և դատապարտվել է, իսկ հետո համաներման միջոցով, ինչն ինձ համար շատ տարօրինակ է, հայտնվել է ազատության մեջ", - հիշեցրել է "Հայաստան" դաշինքի առաջնորդը։
Քոչարյանը նշել է, որ իր համար ամենատարօրինակը հենց ՄԻԵԴ-ի որոշումն էր։ Ինչպես պարզաբանել է ՀՀ երկրորդ նախագահը, դա, ըստ էության, "Փաշինյանն ընդդեմ Փաշինյանի" գործ էր։ "Որովհետև Հայաստանի Հանրապետությունը որևէ փաստ չի ներկայացրել ի պաշտպանություն սեփական շահերի։ Դա և պաշտոնեական դիրքի չարաշահում է, և այլ քրեական հոդվածների խախտումներ, որոնք հետագայում անպայման կկիրառվեն։ Այսինքն, պատկերացրեք մի իրավիճակ, երբ դատական նիստի ժամանակ փաստաբանն ու դատախազը նույն մարդն է։ Եվ նա, պարզապես, փոխում է "գլխարկները" նիստի ընթացքում. մեկի վրա գրված է «դատախազ», մյուսի վրա ՝ «փաստաբան», - եզրափակել է Քոչարյանը։
Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ին, փետրվարի 19-ին տեղի ունեցած հերթական նախագահական ընտրություններից հետո, որոնց արդյունքում հաղթել էր Սերժ Սարգսյանը, Երևանում անկարգություններ էին սկսվել, որոնք բախումների էին վերածվել իրավակարգի ներկայացուցիչների հետ: Ընդդիմությունը՝ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, որը նույնպես առաջադրվել էր ընտրություններում, փետրվարի 20-ից Երեւանի կենտրոնում հանրահավաքներ էր անցկացնում ՝ դժգոհություն հայտնելով քվեարկության արդյունքներից: Բողոքի ակցիաները մարտի 1-2-ին վերածվել էին անկարգությունների եւ ցուցարարների ու իրավապահների միջեւ բախումների, որոնց հետեւանքով զոհվել է 10 մարդ, այդ թվում ՝ ոստիկաններ, ավելի քան 200-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: 2018 թվականի օգոստոսի 17-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանում 2008 թվականի մարտի 1-2-ի դեպքերի գործն ամբողջությամբ բացահայտված է: Սակայն, մինչ օրս պատասխանատուներից ոչ մեկը համապատասխան պատիժ չի կրել այդ հանցագործության համար։ Գործի քննությունը շարունակվում է մինչ օրս: Սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով գործի շրջանակներում անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և այն ժամանակվա մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ:
Հավելենք, որ այդ շրջանում Փաշինյանը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր - Պետրոսյանի ակտիվ կողմնակիցն էր, ով դե յուրե պարտվել էր ընտրություններում, բայց պնդում էր, որ ընտրությունների արդյունքները կեղծվել են: 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից հետո Փաշինյանը զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով դատապարտվել էր 7 տարի ազատազրկման, սակայն 2 տարի անց ազատ էր արձակվել: