


Արմինֆո. Գյումրիի ՀՅԴ գրասենյակում և "Հայաստան" դաշինքի համակիրների բնակարաններում խուզարկություններ են իրականացվում: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, "Հայաստան" դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
«Գործող վարչախմբի գործողությունները, հատկապես վերջին օրերին ընդդիմադիր շտաբերի բնականոն գործունեությունը խաթարելու ապօրինի փորձերը, վարչախմբի հուսահատ քայլեր են՝ ընտրողների կամքի և ընտրությունների արդյունքների վրա ազդելու:
Ուստի կոչ ենք անում մեր բոլոր թիմակիցներին՝ անկախ ամեն ինչից շարունակել անխափան իրականացնել իրենց աշխատանքը: Մեր բոլոր հայրենակիցներին խնդրում ենք՝ որևէ պարագայում չընկրկել որևէ սպառնալիքի առջև և բոլոր այս ապօրինությունների պատասխանը տալ ընտրություններին մասնակցությամբ` մերժելով ժողովրդի կամքի հետ հաշվի նստել չցանկացող ռեժիմին», - գրել է պատգամավորը:
Այսօր ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը հաղորդել էր, որ բազմաթիվ անձանց նյութական շահի և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում 50-ից ավելի հասցեներում կատարվում են խուզարկություններ:
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություններ էր իրականացրել "Հայաստան" դաշինքի նախընտրական շտաբներում, մասնավորապես, Աշտարակում, ինչպես նաև ՀՅԴ Գերագույն մարմնի նախագահ Աշոտ Սիմոնյանի բնակարանում: Սաղաթելյանն այն ժամանակ հայտարարել էր, որ այդ բոլոր գործողությունները պայմանավորված են իշխանությունը կորցնելու վախով ։



