


Արմինֆո.Աստանայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի առանձին հանդիպում նախատեսված չէ, սակայն նրանք կարող են շփվել ԵԱՏՄ գագաթնաժողովի «լուսանցքներում», լրագրողներին հայտնել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Առանձին հանդիպում նախատեսված չէ, բայց նրանք, եթե ցանկանան, կարող են հիանալի զրուցել գագաթնաժողովի շրջանակներում»,- ուրբաթ օրը Աստանայում, որտեղ մեկնարկում է Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովը, լրագրողներին ասել է Պեսկովը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։
Այն հարցին, թե արդյոք Գրիգորյանը ԵԱՏՄ երկրների ղեկավարներից որևէ ուղերձ կտանի Երևան, Պեսկովն ասել է. «Այժմ մեկնարկում է գագաթնաժողովը նեղ կազմով, և զգայուն թեմաները, իհարկե, այնտեղ քննարկվելու են»։
Միաժամանակ նա հավելել է, որ եթե Պուտինն ու Գրիգորյանը դա նպատակահարմար համարեն, ապա նրանց հանդիպումը տեղի կունենա։
Նա նաև պատմել է, որ Պուտինն ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Աստանայում ԵԱՏՄ ղեկավարների հանդիպման շրջանակներում կարճ մտքեր են փոխանակել Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
«Նրանք հենց լուսանցքներում երեկ մի քանի անգամ զրուցել են։ Հայաստանի վերաբերյալ կարճ մտքերի փոխանակում եղել է, բայց այդպիսի առարկայական խոսակցություն չի եղել, պարզապես ժամանակ չի եղել։ Բայց միևնույն ժամանակ, ոչ պաշտոնական ճաշի ընթացքում նրանք հնարավորություն են ունեցել բոլորով միասին շատ լավ խոսել, բավականին երկար շփում է եղել»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Պուտինի և Լուկաշենկոյի զրույցներում բարձրացվել է Հայաստանի թեման։



