
Արմինֆո.Հայաստանը մերժել է մի շարք ռուս պատգամավորների հավատարմագրումը որպես դիտորդներ երկրում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում։ Այս մասին մայիսի 28-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ, պատասխանելով համապատասխան հարցին, հաստատել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա ընդգծել է, որ ռուս դիտորդների ցուցակներն ուղարկվել էին սահմանված կարգով՝ հավատարմագրման միջոցառումներ անցկացնելու համար։ «Ամեն ինչ այնպես էր, ինչպես պահանջում էր հայկական կողմը։ Ցավոք, իրոք, հայ գործընկերները ոչ պաշտոնապես ծանուցել են Ռուսաստանի մի շարք քաղաքացիների՝ առաքելության կազմում ընդգրկվելու անցանկալիության մասին։ Խոսքը Պետդումայի երեք պատգամավորի և Կարաչայ-Չերկեսական Հանրապետության ընտրական հանձնաժողովի ներկայացուցչի մասին է»,- ասել է դիվանագետը։
Նա հավելել է, որ ռուսական կողմը հարցում է արել մերժման պատճառների վերաբերյալ, սակայն Հայաստանը չի պարզաբանել դրանք։ «Մենք հարցրել ենք պատճառները, ինչ-որ արձագանք այս կապակցությամբ։ Երևանից պաշտոնական պատասխան, այդ թվում՝ տվյալ որոշման դրդապատճառների վերաբերյալ, չենք ստացել։ Թե այդ կոնկրետ անձինք ինչով կարող էին մեղավոր լինել Հայաստանի առջև, մենք գաղափար չունենք»,- նշել է դիվանագետը։
Նա ընդգծել է, որ այդ անձինք երբեք չեն եղել Հայաստանի, այսպես կոչված, «սև ցուցակներում» (stop-lists), և նրանք երբեք հանրապետություն այցելելու որևէ խնդիր չեն ունեցել։ Միևնույն ժամանակ նա ենթադրել է, որ արգելքը կարող է կապված լինել այն բանի հետ, որ այդ մարդիկ գտնվում են ԵՄ պատժամիջոցների ցուցակներում։ «Եվ սա պաշտոնական Երևանի կողմից եվրոպական ավագ ընկերների առջև կորանալու մի կեցվածք է։ Չգիտեի, բայց այդ դեպքում պետք է վերադառնալ եվրոպական ստանդարտների և եվրոպական նարատիվների պրոբլեմատիկային, որոնք այժմ ներդրվում են Հայաստանում։ Սրանք հենց դրանք ե՞ն, երբ Ռուսաստանից եկած դիտորդներին մերժվում է հետևել ընտրություններին։ Ահա սրանով էլ, երևի, որոշվում է Երևանի ֆորսաժային մերձեցումը ԵՄ-ի հետ»,- ասել է նա։
Միևնույն ժամանակ նա կրկին տարակուսանք է հայտնել, թե ինչու ապօրինի պատժամիջոցները պետք է խոչընդոտ դառնան դիտորդական գործունեությանը մասնակցելու համար՝ առաջարկելով ներկայացնել մերժման պատճառը՝ պատկերի ամբողջականությունը ստանալու համար։
«Եթե դա այդպես է, ապա ստացվում է, որ հայկական կողմը ռուսական ուղղությամբ իր գործողություններում հերթական անգամ ցուցադրում է, որ ընտրում է պարզապես ԵՄ հակառուսական կուրսը։ Այդ դեպքում ինչպե՞ս հասկանալ բարեկամության մասին հավաստիացումները և այն, որ համագործակցությունը շարունակվելու է։ Նման քայլը կհակասեր Հայաստանի բարձրագույն ղեկավարության այն հայտարարությանը, թե ԵՄ-ի և նրա առանձին անդամների հետ փոխգործակցությունը որևէ կերպ չի հակասում և չի վնասում Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերություններին։ Ռուսների հավատարմագրումը մերժելու որոշումը մեզ մոտ խորը ափսոսանք ու տարակուսանք է առաջացնում։ Բայց, բացի ամեն ինչից, բացի ափսոսանքից ու տարակուսանքից, մենք պատրաստ չենք ընդունել այս տրամաբանությունը և ստիպված կլինենք հաշվի առնել սա Երևանի հետ մեր հետագա աշխատանքում»,- եզրափակել է Զախարովան։
Ավելի վաղ Հայաստանի ԿԸՀ-ից հայտնել էին, որ Հայաստանում խորհրդարանական ընտրություններին հետևելու են ԱՊՀ, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ (БДИПЧ/ОБСЕ) և ԵԽԽՎ (ПАСЕ) պատվիրակությունները։