


Արմինֆո. Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) Հայաստանի մասնակցության թեման կքննարկվի ուրբաթ օրը՝ մայիսի 29-ին, Աստանայում կայանալիք միավորման գագաթնաժողովում։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանն ու Ղազախստանն ունեն կոնսենսուս ԵԱՏՄ-ին Երևանի մասնակցության ճակատագրի հարցում։
«Վաղը տեղի կունենա Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստը, ես կարծում եմ, որ այդ հարցն այս կամ այն չափով կքննարկվի»,- ասել է ռուսական պետության ղեկավարի օգնականը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Ղազախստանում մայիսի 28-ին և 29-ին նախատեսված է ԵԱՏՄ գագաթնաժողով՝ միության անդամ պետությունների ղեկավարների մակարդակով, սակայն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես հայտարարել է, որ նախընտրական քարոզարշավի պատճառով չի մեկնելու գագաթնաժողովին։
Մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրողների հետ զրույցում Հայաստանին առաջարկել էր որքան հնարավոր է շուտ կողմնորոշվել ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին անդամակցության հարցում՝ նշելով, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ են «քաղաքակիրթ ամուսնալուծություն սկսել»։ Երևանում ի պատասխան նշել են, որ կլքեն ԵԱՏՄ-ն, երբ հարմար գտնեն։
Նշենք, որ Հայաստանի կառավարությունը 2025 թվականի հունվարի 9-ին հավանություն է տվել «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնության կողմից առաջարկված Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացը սկսելու մասին օրենքի նախագծին։ Նախագիծն ուղարկվել էր Հայաստանի խորհրդարան՝ հաստատման։ Մարտի 26-ին երկրի խորհրդարանը վերջնական ընթերցմամբ ընդունել է այն և ուղարկել նախագահի ստորագրմանը։ Փաստաթուղթը ստորագրվել է նույն թվականի ապրիլի 4-ին։ Մոսկվայում հայտարարել են, որ Ռուսաստանը Հայաստանին հասցրել է այն միտքը, որ Եվրասիական տնտեսական միությանը և Եվրոպական միությանը միաժամանակյա անդամակցությունն անհնար է։



