


Արմինֆո.Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ գազի, նավթամթերքի և ալմաստի մատակարարման վերաբերյալ ՌԴ-ի հետ համաձայնագրի հետ կապված հարցերը կլուծվեն։ Այս մասին նա ասել է լրագրողներին մայիսի 28-ին կայացած ճեպազրույցի ժամանակ։
«Մեր ռազմավարությունը մնում է նույնը՝ մենք ռուս գործընկերների հետ հանգիստ, համբերատար և առանց նյարդերի կաշխատենք և բոլոր խնդիրները կլուծենք»,- լրատվամիջոցի հարցին հակիրճ պատասխանել է վարչապետը։
Հիշեցնենք, որ մայիսի 27-ին Հայաստանում ՌԴ դեսպանատունը հայկական կողմին է պաշտոնապես փոխանցել Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովի նամակը՝ ուղղված հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, որով տեղեկացվում է, որ Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի շարունակման դեպքում Մոսկվան կկասեցնի կամ միակողմանիորեն կչեղարկի գազի, նավթամթերքի և չմշակված ալմաստի մատակարարման մասին 2013 թվականի դեկտեմբերի 2-ի համաձայնագրերը։



