
Արմինֆո.Հայ զինվորականներն արժանի են ունենալ արժանապատիվ ղեկավարություն, որը նրանց չի նվաստացնի՝ թշնամիներին հաճոյանալու համար։ Այս մասին հայտարարել է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը՝ անդրադառնալով Առաջին Հանրապետության օրվա առթիվ Հայաստանի իշխանությունների կողմից զինվորական շքերթի անցկացմանը։
Թաթոյանը նշել է, որ, չնայած ամեն ինչին, ինքը հպարտանում է հայ զինվորականներով և այն տեխնիկայով, որն ունեցել է և դեռ ձեռք կբերի երկիրը։ «Ես հպարտանում եմ մեր զինվորականներով, նրանց քայլերթով՝ որտեղ և երբ էլ որ այն լինի։ Մենք պետք է հիանանք այն տղամարդկանցով և կանանցով, ովքեր ամեն օր քաջաբար հսկում են մեր սահմանները։ Ես հպարտանում եմ այն զինտեխնիկայով, որն ունի մեր երկիրը։ Եվ ես հպարտանում եմ այն տեխնիկայով, որը մեր երկիրն ունեցել է և դեռ ձեռք կբերի։ Խաղաղությունը հնարավոր է միայն ուժի առկայության դեպքում»,- ընդգծել է քաղաքական գործիչը Facebook-ի իր էջում տարածած ուղերձում։
Այդուհանդերձ, նա կոչ է արել ճիշտ հասկանալ զինվորական շքերթի իրական նպատակներն ու համատեքստը, որն այսօր կազմակերպել են Հայաստանի իշխանությունները։ Թաթոյանը համոզմունք է հայտնել, որ այս կերպ Հայաստանի գործող ղեկավարությունը փորձում է թաքցնել իշխանության ղեկին գտնվելու տարիների իր ձախողումները։ «Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա շրջապատն ամեն օր նվաստացնում են մեր զինվորականներին, նրանց ընտանիքներին, մեր վետերաններին՝ այդպիսով փորձելով հայ ժողովրդից թաքցնել իրենց ձախողումների 6 տարիները։ Մինչդեռ, այս տարիների ընթացքում նրանք բերել են երեք խոշոր պատերազմ, երեք պարտություն և երկրորդ հայոց ցեղասպանությունը։ Մեր զինվորականներն արժանի են ունենալ արժանապատիվ ղեկավարություն։ Այնպիսին, որն իրենց չի նվաստացնում հանուն թշնամիներին հաճոյանալու։ Սիրելի հայրենակիցներ, հունիսի 7-ը (խմբ.՝ Հայաստանում խորհրդարանական ընտրությունների օրը) մեր երկրի ազատագրման օրն է։ Մենք պետք է այն հետ վերադարձնենք մեզ։ Ձեզ չպետք է ղեկավարեն մարդիկ, ովքեր չեն հարգում ձեր սխրանքը, այն զոհողությունները, որոնք կրել է ձեր ընտանիքը։ Կեցցե՛ հայկական բանակը»,- եզրափակել է Թաթոյանը։
Հիշեցնենք, որ մայիսի 28-ին Հայաստանում նշում են Առաջին Հանրապետության օրը։ Այս օրը Հանրապետության հրապարակում անցկացվում է շքերթ, որտեղ երկրի իշխանությունները ցուցադրում են նոր ձեռք բերված սպառազինությունը։ Հայաստանում վերջին մասշտաբային զինվորական շքերթը տեղի է ունեցել 2016 թվականի սեպտեմբերի 21-ին Երևանի Հանրապետության հրապարակում՝ 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմից հետո։