


Արմինֆո. ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնի և Հայաստանի միջև ձևավորվում են հրաշալի նոր հարաբերություններ, որոնք շատ երկար ժամանակ գտնվում էին լճացած վիճակում: Այս մասին Ռուբիոն հայտարարել է կառավարության նիստում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին զեկուցելով Հայաստան կատարած իր այցի արդյունքների մասին:
«Երեկ երեկոյան ես նոր եմ վերադարձել Երևանից (Հայաստան): Մենք ստորագրել ենք Ռազմավարական գործընկերության խարտիան, նախաստորագրել ենք TRIPP («Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի երթուղի») նախագծի շրջանակային համաձայնագիրը, ինչպես նաև կրիտիկական նշանակության օգտակար հանածոների վերաբերյալ հուշագիրը: Մենք ականատեսն ենք Հայաստանի հետ հրաշալի նոր հարաբերությունների ձևավորմանը, որոնք շատ երկար ժամանակ գտնվում էին լճացած վիճակում: Այնպես որ, այս ուղղությամբ նույնպես գործերը լավ են ընթանում: TRIPP նախագիծը կդառնա Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության պայմանագրի առանցքային հենասյուներից մեկը՝ ապահովելով ենթակառուցվածքների անվտանգությունն ու տարածաշրջանային կայունությունը», - նշել է Ռուբիոն:
Հիշեցնենք, որ Ռուբիոն Երևան էր այցելել մայիսի 26-ին կարճաժամկետ այցով, որը տևել է մոտ մեկ ժամ։ Այցի շրջանակներում ստորագրվել է երեք փաստաթուղթ՝ TRIPP-ի շրջանակային համաձայնագիրը, Ռազմավարական գործընկերության խարտիան և Կրիտիկական նշանակության օգտակար հանածոների վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը: Շատ փորձագետներ ամերիկյան կողմի այս քայլը որակել են որպես նախընտրական ակցիա՝ ուղղված հունիսյան խորհրդարանական ընտրություններում Փաշինյանի իշխանությանն աջակցելուն:



