
Արմինֆո. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բացահայտ աջակցություն է հայտնել Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հանրապետությունում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իմ մեծ ընկերն ու առաջնորդը, իր երկիրը դարձնում է ուժեղ, հարուստ և շատ անվտանգ: Նիկոլը լիովին կիսում է Հայաստանի և ողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղության ու բարգավաճման վերաբերյալ իմ տեսլականը: Մեր պետքարտուղար Մարկո Ռուբիոն վերջերս այցելել է Հայաստան, որտեղ առաջ է մղել երկու երկրների համար մի քանի կարևոր համաձայնագրեր», - հայտարարել է Թրամփը:
ԱՄՆ նախագահի խոսքով՝ շուտով Միացյալ Նահանգներն ու Հայաստանը միասին կսկսեն «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի երթուղու» շինարարությունը, որը կվերափոխի Հարավային Կովկասը և կօգնի մեր հրաշալի ամերիկյան էներգետիկ ընկերություններին հասանելիություն ստանալ Կենտրոնական Ասիայից մինչև Միացյալ Նահանգներ:
«Այս պատճառներով Նիկոլը ստանում է իմ ԼԻԱԿԱՏԱՐ և ԱՆՎԵՐԱՊԱՀ աջակցությունը 2026 թվականի հունիսի 7-ի վերընտրվելու հարցում։ Նիկոլի օգնությամբ մենք Միացյալ Նահանգները, Հայաստանը, Հարավային Կովկասն ու Կենտրոնական Ասիան կբարձրացնենք ավելի բարձր մակարդակի, քան երբևէ նախկինում։ Ամերիկան... կներեք, Հայաստանը նորից մեծ դարձնենք՝ MAGA», - Truth Social սոցիալական ցանցում գրել է Թրամփը:
Իրավիճակն արդեն մեկնաբանել է ամերիկագետ Սուրեն Սարգսյանը՝ փաստելով, որ ԱՄՆ-ը նախկինում երբեք այսքան բացահայտ աջակցություն չի հայտնել որևէ թեկնածուի ընտրական գործընթացի ժամանակ:
Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Թրամփն այս հաղորդագրությունը հրապարակել է սոցիալական ցանցերի իր էջում հայաստանյան ընտրությունների նախաշեմին: «Մինչ Թրամփի իշխանության գալը, սա հազվադեպ երևույթ էր ամերիկյան քաղաքականության մեջ։ Սովորաբար ԱՄՆ նախագահները զգուշություն են ցուցաբերում այլ երկրների ընտրություններին միջամտելու կամ այս կամ այն թեկնածուին աջակցելու հարցում, և նույնիսկ եթե անում են դա, ապա անում են նրբորեն ու անուղղակիորեն (օրինակ՝ Օբաման կամ Բուշ կրտսերը): Ի տարբերություն նախորդ նախագահների, Թրամփն ուղղակիորեն աջակցեց Փաշինյանին այնպես, ինչպես կաջակցեր ԱՄՆ ցանկացած սենատորի կամ նահանգապետի։ Ի դեպ, Թրամփը բացահայտ ասում է այն նույն բանը, ինչ ես էի ասում երեկ։ Այս ամենի նպատակը, նրա խոսքով, Կենտրոնական Ասիայի ռեսուրսների արտահանումն է TRIPP-ի միջոցով, ինչը Հարավային Կովկասում Թրամփի վարչակազմի առաջնահերթություններից է», - իր ֆեյսբուքյան էջում գրել է փորձագետը: