
Արմինֆո. Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրները մայիսի 29-ի նիստում կքննարկեն Եվրամիությանն անդամակցելու Հայաստանի ցանկությունը և ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Նա մանրամասներ է ներկայացրել մայիսի 27-29-ը Վլադիմիր Պուտինի՝ Ղազախստան կատարելիք պետական այցի և Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի գագաթնաժողովին նրա մասնակցության մասին։ Այս մասին հայտնում է «Վեդոմոստի» թերթը։
Հոդվածում նշվում է, որ ԵԱՏՄ երկրների ղեկավարները նեղ կազմով, օրակարգից դուրս, կքննարկեն Եվրամիությանը անդամակցելու Հայաստանի պլանների հարցը։ «Եվ, իհարկե, կտրվի դրա հետևանքով ԵԱՏՄ անդամ պետությունների տնտեսական անվտանգության համար առաջացող ռիսկերի գնահատականը»,– ասել է Ուշակովը։ Նա հիշեցրել է, որ Պուտինը բազմիցս հրապարակավ հայտնել է Ռուսաստանի վերաբերմունքը այդ պլաններին. միաժամանակ երկու միավորումներին անդամակցությունն անհնար է։ «Եվ դա չի հաջողվի»,– ընդգծել է Ուշակովը։
Եվրասիական ինտեգրումը Հայաստանին բազմաթիվ առավելություններ է բերել, հայտարարել է Ուշակովը։ 2014 թվականից ի վեր, երբ Հայաստանը դեռ ԵԱՏՄ անդամ չէր, երկրի ՀՆԱ-ն գրեթե կրկնապատկվել է՝ 11,6 միլիարդ դոլարից հասնելով 22,2 միլիարդ դոլարի։ Իրական աշխատավարձերն աճել են 50%-ով։ Հայաստանի արտահանումը ԵԱՏՄ երկրներ աճել է 10 անգամ, իսկ ներմուծումը ԵԱՏՄ պետություններից՝ 4,5 անգամ։ 2025 թվականի արդյունքներով ԵԱՏՄ երկրներին, առաջին հերթին՝ Ռուսաստանին, բաժին է ընկել Հայաստանի ընդհանուր արտահանման մատակարարումների 38,5%-ը կամ Հայաստանի համախառն արտաքին առևտրի 37,5%-ը։
Ուշակովի խոսքով՝ եվրասիական ինտեգրման շնորհիվ Հայաստանն արդեն հինգ տարի անընդմեջ «տպավորիչ աճի տեմպեր» է ցուցադրում. 2022 թ. ՀՆԱ-ն աճել է 12,6%-ով, 2023 թ.՝ 8,7%-ով, 2024 թ.՝ 5,9%-ով, 2025 թ.՝ 7,2%-ով։ «Սրանք իրական թվեր են, որոնք խոսում են այն մասին, որ Հայաստանը հսկայական օգուտներ է ստանում ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությունից»,– ասել է Ուշակովը։
«Վեդոմոստի»-ի այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ նիստում հանձնարարականներ ներկայացվեն Հայաստանին ԵԱՏՄ-ից հեռացնելու վերաբերյալ, Ուշակովն ասել է, որ «ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության սկզբունքային դրույթների համաձայն՝ որևէ որոշմամբ այս կամ այն երկրին այս միության շրջանակներում համագործակցությունից հեռացնելն անհնար է»։ «Հնարավոր է տարբերակ, երբ երկիրն ինքն է հայտարարում, որ այս կամ այն պատճառներով դադարեցնում է համագործակցությունը։ Բայց նման քայլի հնարավոր հետևանքները քննարկելը, անշուշտ, անհրաժեշտ է թվում։ Դա կարվի նեղ կազմով նիստի ընթացքում»,– նշել է Ուշակովը։
Հարցին, թե արդյոք Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու հայտ ներկայացրել է, Ուշակովը պատասխանել է. «Դուք գիտեք, թե ինչ որոշումներ են կայացվել Հայաստանի ղեկավարության կողմից ԵՄ-ի հետ հնարավոր անդամակցության կամ համագործակցության ընդլայնման համատեքստում, ինչպիսի պլաններ ունի Հայաստանը»։ «Եվ դա, բնականաբար, չի կարող մտահոգություն չառաջացնել մյուս երկրների մոտ, որոնք Հայաստանի հետ համագործակցում են ԵԱՏՄ շրջանակներում։ Ուստի այս բոլոր հարցերն արդեն իսկ հնչեղություն ունեն, և, անկասկած, առաջնորդները կքննարկեն դրանք, երբ հանդիպեն միմյանց»,– ասել է Ուշակովը։