
Արմինֆո."Ապրելու երկիր" կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն արձագանքել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝ հայ ռազմագերիների վերաբերյալ լրագրողի հարցին ի պատասխան արված հայտարարությանը:
Ինչպես հիշեցրել է Առաքելյանը Facebook-ի իր էջում, լրագրողը Միրզոյանին հարցրել է, թե արդյոք ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպմանը մտադիր է բարձրացնել Բաքվում պահվող հայ ռազմագերիների հարցը, ինչին ի պատասխան՝ Արարատ Միրզոյանը ասել է․ «Աաա, դե ծնգլ արեցիք»։
«ԱԱԾնգլ գործակալ Արարատը 2021թ․ ԱԺ ընտրություններից հետո նեղացել, գնացել էր արձակուրդ, քանի որ իրեն պաշտոն բաժին չէր հասել։ Արտգործնախարար էր նշանակվելու Արմեն Գրիգորյանը, ում թեկնածությանը սակայն ռուսական կողմը դեմ էր։ Նիկոլ Փաշինյանը ստիպված ներկայացնում է նոր թեկնածու՝ Արարատ Միրզոյանին, ում նկատմամբ նույնպես ռուսները վերապահում են ունենում։
Եվ ահա,այն ժամանակվա Արցախի նախկին պաշտոնյաներից մեկը, ում հետ Արարատը ուներ շատ ջերմ հարաբերություններ, երաշխավորում է Արարատին ռուսական կողմի համար, որից հետո Արարատը նշանակվում է նախարար։
Մեր բոլոր գերիները վերադառնալու են, իսկ Արարատը պատմության մեջ մնալու է Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար, ում օրոք հանձնվել է Արցախը», - գրել է "Ապրելու երկիր" կուսակցության համահիմնադիը։
Նշենք, որ մինչ օրս հայտնի չէ ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիների և պատանդների ստույգ թիվը: Փորձագետների գնահատմամբ ՝ նրանք մի քանի հարյուր են ։ Այսօր Ադրբեջանի իշխանությունները հաստատում են իրենց մոտ 19 հայերի առկայությունը ։ Ադրբեջանական գերության մեջ պահվող անձանց թվում են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նախկին և գործող 8 ներկայացուցիչներ․ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ինչպես նաև խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանը, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
Բաքվի խամաճիկային դատարանը շինծու մեղադրանքներով ցմահ ազատազրկման է դատապարտել Արայիկ Հարությունյանին, Դավիթ Բաբայանին, Դավիթ Իշխանյանին, Դավիթ Մանուկյանին, Լևոն Մնացականյանին, իսկ Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին եւ Ռուբեն Վարդանյանին՝ 20 տարվա ազատազրկման: Մնացած արցախցիներին, այսպես կոչված, դատարանը դատապարտել է մինչև 15 տարվա ազատազրկման։