
Արմինֆո.Ամերիկայի հայկական համագումարը ԱՄՆ-ին կոչ է անում կատարել իր պարտավորությունները Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում։ Համագումարն այս հայտարարությունն արել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ այսօր Հայաստան կատարելիք այցի կապակցությամբ։
Հայտարարության մեջ նշվում է, որ Ռուբիոյի՝ Հայաստան այցի նախաշեմին Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) ողջունում է ամերիկա-հայկական հարաբերությունների հետագա ամրապնդումը և երկու երկրների միջև բարձր մակարդակի կայուն փոխգործակցությունը։
«Միևնույն ժամանակ, Համագումարը շարունակում է խորապես մտահոգված մնալ Ադրբեջանում ապօրինի պատանդ պահվող բոլոր քրիստոնյա հայերին ազատ արձակելուց Բաքվի շարունակական հրաժարման կապակցությամբ և հորդորում է անհապաղ ու անվերապահորեն ազատ արձակել նրանց»,- ասված է սփյուռքյան կազմակերպության հայտարարության մեջ։
Հիշեցվում է նաև, որ ավելի վաղ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե «120 000 քրիստոնյաներ ենթարկվել են սոսկալի հալածանքների և բռնի տեղահանվել Արցախում», և խոստացել էր «պաշտպանել հալածվող քրիստոնյաներին»՝ հանձն առնելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առջև բարձրացնել պատանդ պահվող հայ քրիստոնյաների ազատ արձակման հարցը։
«Ամերիկայի հայկական համագումարը կոչ է անում Միացյալ Նահանգներին այդ պարտավորությունները վերածել կոնկրետ, չափելի գործողությունների»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ մինչ օրս հայտնի չէ ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիների և պատանդների ստույգ թիվը։ Փորձագետների գնահատականներով՝ նրանք մի քանի հարյուրն են։ Այսօր Ադրբեջանի իշխանությունները հաստատում են իրենց մոտ 19 հայերի առկայությունը։ Ադրբեջանական գերության մեջ գտնվողների թվում են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության 8 նախկին և գործող ներկայացուցիչներ։ Նրանք են՝ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ինչպես նաև խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանը, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
Բաքվի խամաճիկային դատարանը հորինված մեղադրանքներով փետրվարին Արայիկ Հարությունյանին, Դավիթ Բաբայանին, Դավիթ Իշխանյանին, Դավիթ Մանուկյանին, Լևոն Մնացականյանին դատապարտել է ցմահ ազատազրկման, իսկ Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին և Ռուբեն Վարդանյանին՝ 20 տարվա ազատազրկման։ Մնացած արցախցիներին այսպես կոչված դատարանը դատապարտել է մինչև 15 տարվա ազատազրկման։