


ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն Ազգային ժողովի ամբիոնից դատապարտել է ղարաբաղյան խնդրին միջկրոնական բնույթ հաղորդելու Բաքվի վերջին փորձերը:
Ինչպես ընդգծել է Շարմազանովը, նախագահ Ալիևի հայտարարությունը, թե ՙՄինսկի միջնորդները հայամետ դիրքորոշում են զբաղեցրել, քանի որ ԵԱՀԿ ՄԽ երկրներն իսլամաֆոբ են, Ադրբեջանն՝ իսլամական երկիր՚, խիստ սադրիչ է: ՙՍտեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում, երբ Մերձավոր Արևելքից միջկրոնական հակամարտությունների ալիքը սպառնում է համաշխարհային մասշտաբի աղետի վերածվել, միջկրոնական հակամարտության նոր օջախի առաջացումը չափազանց վտանգավոր է: Բաքվի նման սադրիչ փորձերը պետք է դատապարտվեն ինչպես միջազգային քաղաքական, այնպես էլ՝ կրոնական կառույցների կողմից՚,- ասել է Շարմազանովը:
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարությամբ է հանդես եկել նաև Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը:
Նշենք, որ օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մինսկի միջնորդներին մեղադրել է ղարաբաղյան հակամարտությանկարգավորման հարցում հայամետ դիրքորոշման մեջ: Նրա խոսքով, դա պայմանավորված է այն բանով, որ ԵԱՀԿ ՄԽ երկրներն իսլամաֆոբ եմ, մինչդեռ Ադրբեջանն իսլամական երկիր է:


