


Արմինֆո.Անկախ Պետությունների Համագործակցությունում չեն կարող անուշադրության մատնել Եվրոպական միությանը ինտեգրվելու ծրագրերի մասին հայտարարած Երևանի դիրքորոշումը և Հայաստանում անցկացված Ուկրաինայի հարցով ԵՄ գագաթնաժողովը։ Այս մասին հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
«Այսօր մենք չենք կարող անուշադրության մատնել վերջերս Հայաստանում անցկացված Ուկրաինայի հարցով Եվրամիության գագաթնաժողովը և ԵՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ երկրի ղեկավարության դիրքորոշումը։ Ընդ որում, Հայաստանը մնում է ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ անդամ և օգտվում է այդ անդամակցության առավելություններից»,- ասել է նա «Անկախ Պետությունների Համագործակցության 35 տարին. արդյունքներ, խնդիրներ, հեռանկարներ» թեմայով կլոր սեղանի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրողների հետ զրույցում առաջարկել էր Հայաստանին որքան հնարավոր է շուտ կողմնորոշվել ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին անդամակցության հարցում՝ նշելով, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ են «սկսել քաղաքակիրթ ամուսնալուծություն»։ Երևանում ի պատասխան նշել են, որ կլքեն ԵԱՏՄ-ն, երբ հարմար գտնեն։
Նշենք, որ Հայաստանի կառավարությունը 2025 թվականի հունվարի 9-ին հավանություն էր տվել Եվրոպական միությանը անդամակցելու գործընթացը սկսելու մասին օրենքի նախագծին, որն առաջարկվել էր «Քվեարկիր Եվրոպայի օգտին» («Եվրաքվե») քաղաքացիական նախաձեռնության կողմից։ Նախագիծն ուղարկվել էր Հայաստանի խորհրդարան՝ հաստատման։ Մարտի 26-ին երկրի խորհրդարանը վերջնական ընթերցմամբ ընդունել էր այն և ուղարկել նախագահի ստորագրմանը։ Փաստաթուղթը ստորագրվել էր նույն թվականի ապրիլի 4-ին։ Մոսկվայում հայտարարել են, որ Ռուսաստանը Հայաստանին է հասցրել իր դիրքորոշումն այն մասին, որ Եվրասիական տնտեսական միությանը և Եվրոպական միությանը միաժամանակյա անդամակցությունն անհնար է։



