
Արմինֆո. Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը սպառնացել է 9 երեխաների մայր արցախցի փախստականին, ով հրաժարվել է ծանոթանալ իշխող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության նախընտրական ծրագրին: Սոցիալական ցանցերի հայկական հատվածում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես նախընտրական քարոզարշավի շրջանակներում "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության մի խումբ ակտիվիստներ Սափեյանի գլխավորությամբ մտել են արցախցի փախստականի տան բակի տարածք:
Ընդ որում ՝ Սափեյանն ու նրա կողմնակիցներն անտեսել են կնոջ՝ իր տուն չմտնելու խնդրանքը, քանի որ նա քաղաքականությամբ չի հետաքրքրվում։ Կնոջ խնդրանքին ականջ դնելու և հեռանալու փոխարեն՝ Սափեյանն իր թիմի հետ սկսել է աստիճաններով բարձրանալ կնոջ տուն: Ավելին, Թալինի ղեկավարը սկսել է սպառնալիքներ տեղալ կնոջ հասցեին, մեղադրելով նրան, որ ինքն ու իր նմանները, իբր, փախել են Արցախից՝ մնալու և այն պաշտպանելու փոխարեն: Այնուհետև նա սկսել է կնոջը հիշեցնել սոցիալական օգնության մասին, որը պետությունը տրամադրում է բազմազավակ մորը։ Ընդ որում, արցախցի կնոջը ցուցաբերվող պետական օգնությունը նա, որպես անձնական վաստակ, վերագրել է Փաշինյանի գլխավորած իշխող կուսակցությանը։ "Պետության գլխին կանգնած ենք մենք և Նիկոլ Փաշինյանը (ՀՀ վարչապետ-խմբ.)։ Ո՞վ է օգնել ձեզ և ձեր երեխաներին: Ու՞մ տանն եք հիմա ապրում: Նման պահվածքով դուք երկար չեք ապրի Հայաստանում և ստիպված կլինեք տոմս գնել դեպի Ռուսաստան", - սկսել է սպառնալ Սափեյանը։
Իր հերթին՝ կինը համաձայնել է, որ հաշվի առնելով ներկա հանգամանքները, իսկապես, ոչ ոք երկար չի ապրի Հայաստանում ։ "Ինչու՞ (ես պետք է տոմս գնեմ դեպի Ռուսաստան - խմբ.): Ինչ է, սա է՞լ է պատկանում թշնամուն: Ես նախընտրում եմ մեռնել արժանապատվորեն, քան նվաստացած մեռնել: Մենք ապրել ենք (մեր հողի վրա - խմբ.), կռվել ենք մինչև վերջին րոպեն ։ Նրանք, ովքեր կարծում են, թե մենք պետք է մեռնեինք, իմացեք, այդ օրը ձեզ է սպասում: Պետք չէ քաղաքականացնել, մենք արդեն ասել ենք, որ մեզ ոչ մի քաղաքական ուժ չի հետաքրքրում ։ Ինչո՞վ եք ինձ սպառնում: Ես ձեզ չեմ ընդունում և վերջ: Դուք մտնում եք ամեն գյուղ ու սպառնում բնակիչներին, հերիք է արդեն", - Թալինի հեռացող համայնքապետի հետևից բղավել է կինը:
Այս միջադեպն արդեն մեկնաբանել է քաղաքական ակտիվիստ Մանուել Մանուկյանը, ով կոչ է արել Հայաստանի իրավապահ մարմիններին, անկախ դիտորդներին և բոլոր համապատասխան կառույցներին գնահատական տալ տեղի ունեցածին: "Սա արդեն բացահայտ շանտաժ է. իրենք իրենց վերագրում են պետական ծրագրեր և քաղաքական պահանջներ են ներկայացնում գյուղերում ապրող մեր հայրենակիցներին։ Մարդկանց սպառնում են, որ եթե իրենց ուժին չընտրեն, ապա ստիպված կլինեն" տոմս գնել դեպի Ռուսաստան"։ Շանտաժի են ենթարկում նույնիսկ ինը երեխաների մորը։ Սա անթույլատրելի վերաբերմունք է հատկապես սոցիալական խնդիրներ ունեցող և պատերազմ վերապրած մարդկանց նկատմամբ", - գրել է Մանուկյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները նախատեսված են 2026 թվականի հունիսի 7-ին ։ Փորձագետներն ու փաստաբաններն արդեն ահազանգում են, որ ընտրություններին ընդառաջ ընդդիմադիր ուժերը ենթարկվում են քաղաքական հետապնդման, նրանց կողմնակիցների դեմ մտացածին դրվագներով քրեական գործեր են հարուցվում: Իշխանությունների թիրախում է հայտնվել նաև Արցախից բռնի տեղահանված բնակչությունը։