
Արմինֆո.Հայաստանը կանգնած է Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմի շեմին, որի հետևանքները հայ ժողովրդի համար չափազանց ծանր կլինեն։ Այս մասին Facebook-ի իր էջում գրում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
Նրա խոսքով՝ Պակիստանի ակտիվ միջնորդության շնորհիվ հնարավոր է դառնում խաղաղության հաստատումը Հայաստանի բարեկամ ու հարևան Իրանի և լավ գործընկեր Միացյալ Նահանգների միջև, ինչը չափազանց կարևոր է Հայաստանի համար։
«Երբ ես, ի թիվս այլ երկրների, հիշատակում եմ Պակիստանը երաշխավորված խաղաղության համատեքստում, իշխանությունները սկսում են վիրավորել ինձ։ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը տևական դադարից հետո երեկ զանգահարել է Լուկաշենկոյին՝ քննարկելու հարաբերությունների բարելավումը և այլ կարևոր հարցեր։ Երբ ես ասում եմ, որ մենք կարող ենք և պետք է աշխատենք Բելառուսի հետ, և Հայաստանը կարող է լուրջ օգուտներ քաղել բազմաթիվ հարցերում, իշխանություններն ինձ անվանում են «օլիգարխ, բելառուսական լրտես»։ Երբ ես ասում եմ, որ մեզ անհրաժեշտ է պահպանել բնականոն, հարգալից աշխատանքային հարաբերություններ ռուսական քաղաքական ուժերի և բոլոր ազդեցիկ շրջանակների հետ՝ մեր երկրի խնդիրները լուծելու և անիմաստ, վնասակար թշնամանքից խուսափելու համար, ինձ անվանում են ռուսոֆոբ։ Այսօր ամբողջ աշխարհը՝ սկսած Միացյալ Նահանգներից, ցանկանում է կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ սեփական անվտանգությունն ու սեփական ժողովրդի բարօրությունն ապահովելու համար։ Մենք կանգնած ենք Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմի շեմին, որի հետևանքները մեզ համար աննկարագրելի ծանր են լինելու։ Եվ ամենամեծ կորուստները կրելու է մեր ժողովուրդը՝ պարզ, ապրող, ազնիվ ժողովուրդը, որն արարում է իր քրտինքով։ Ի վերջո, ի՞նչ եք ուզում այս երկրից, այս ժողովրդից։ Այսքան պատերազմներից ու կորուստներից հետո էլ ի՞նչ վնաս եք ուզում հասցնել։ Ո՞ւր եք ուզում հասցնել մեր երկիրը խաղաղության մասին ձեր պատկերացումներով։ Էլ ի՞նչ վտանգների եք պատրաստ ենթարկել մեր ժողովրդին հանուն ձեր մանր քաղաքական շահի»,- հարցադրումներ է արել Գագիկ Ծառուկյանը։