
Պետք չէ ակնկալել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին բանտ վերադարձնելու վերաբերյալ որոշում կկայացնի: Փետրվարի 2-ին մամուլի ասուլիսւոմ այդպիսի կարծիք է հայտնել «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության ղեկավար, Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը` պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին:
«ՄԻԵԴ երբեք Ռամիլ Սաֆարովին հունգարական բանտ վերադարձնելու վերաբերյալ որոշում չի կայացնի, սակայն կարող է որոշում կայացվել տուժած կողմին նյութական փոխհատուցման մասին, կամ նախազգուշացում կարվի իրավական նորմերը խախտած կողմերին: Դա կարող է փոխել վերաբերմունքն Ադրբեջանի և նրա դատական համակարգի նկատմամբ», - նշել է նա: Ընդ որում Ալավերդյանը նկատել է, թե հնարավոր է, որ Հայաստանը դատավարության ընթացքում հանդես գա որպես երրորդ կողմ: «Հայցվորը դատարանում հիմնական շեշտը պետք է դնի այն փաստի վրա, որ Ադրբեջանը հերոսացրել է հանցագործին, նույնիսկ ֆինանսապես խրախուսել է նրան հայրենիք վերադառնալիս, ինչը վկայում է այն մասին, որ այդ պետությունը խրախուսում է ազգային հողի վրա կատարված հանցագործությունները», - նշել է իրավապաշտպանը:
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (ՄԻԵԴ) Ադրբեջանի և Հունգարիայի կառավարություններին պատասխանող կողմ է ճանաչել Մարգարյանի սպանության գործով: ՄԻԵԴ-ն Ադրբեջանից և Հունգարիայից պահանջել է պաշտոնապես պատասխանել Գուրգեն Մարգարյանի հարազատների հայցին:
Հունգարիայում ցմահ ազատազրկման դատապարտված մարդասպան Ռամիլ Սաֆարովը 2012 թվականի օգոստոսի 31-ին արտահանձնվեց Ադրբեջանին, որտեղ հենց հաջորդ օրը նախագահի հրամանագրով նրան շնորհվեց ներում, մայորի կոչում, բնակարան և 8 տարվա աշխատավարձը: Ի պատասխան՝ Հայաստանը խզեց Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները: Ինչպես պնդում էր Բուդապեշտը, մինչև Ռ.Սաֆարովի արտահանձնումը Ադրբեջանը Հունգարիային գրավոր երաշխիք էր տվել, որ Սաֆարովի ցմահ ազատազրկումը դատարանը կարող է փոխել միայն առնվազն 25 տարի բանտարկությունից հետո: Համաշխարհային հանրությունը Բուդապեշտին սուր քննադատության ենթարկեց Սաֆարովի Բաքվին արտահանձնման և ապօրինի ազատ արձակման համար: