
Արմինֆո.Հայաստանում հարցման մասնակիցների մոտ մեկ երրորդն իր ձայնը կտար Նիկոլ Փաշինյանի "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությանը, եթե ընտրություններն անցկացվեին առաջիկա հանգստյան օրը: Այդ մասին են վկայում MPG խորհրդատվական ընկերության "ՀակաՍնկային" խորագրով հարցման տվյալները։
Հարցին, թե ում օգտին կտային իրենց ձայնը, եթե ընտրություններն անցկացվեին առաջիկա կիրակի օրը, հարցվածների 28,8%-ը նշել է Փաշինյանի կուսակցությունը, 14,9%-ը՝ գործարար Սամվել Կարապետյանի "Ուժեղ Հայաստան" դաշինքը, 12,1%-ը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի "Հայաստան" դաշինքը, 8,7%-ը՝ գործարար Գագիկ Ծառուկյանի "Բարգավաճ Հայաստան" կուսակցությունը, 5,8%-ը՝ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանի "Միասնության թևեր" կուսակցությունը։ Մնացած քաղաքական ուժերը չեն հաղթահարել անցողիկ 4 տոկոսի շեմը։ Ընդ որում, 8,6 տոկոսը հրաժարվել է պատասխանել հարցին, եւս 3,4 տոկոսը դժվարացել է պատասխանել։
Հարցին, թե արդյոք մասնակելու են հունիսի խորհրդարանական ընտրություններին, հարցվածների 59,3%-ը միանշանակ այո է ասել, 14%-ը ասել է, որ, ավելի շուտ, կգնա, 11,4%-ը՝ ավելի շուտ, չի գնա, 8,3%-ը՝ միանշանակ, չի գնա, ևս 7%-ը դժվարացել է պատասխանել:
Հետաքրքրական է, որ ապրիլյան հարցման ժամանակ միանշանակ դրական պատասխան էր տվել հարցվածների 51,9%-ը, 8,6%-ն ասել էր, որ, ավելի շուտ, գնալու է, 5,2%-ը՝ ավելի շուտ, չի գնալու, 9,5%-ը՝ չի գնալու, ևս 24,8%-ը դժվարացել էր պատասխանել ։
Նշենք, որ հարցումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության բնակիչներին հեռախոսազանգերի միջոցով՝ այս տարվա մայիսի 19-21-ն ընկած ժամանակահատվածում, ընտրանքի ծավալը կազմել է 1102 մարդ, ընտրանքի շեղումը + / - 3% է:
2011 թվականին MPG - ն դարձել է աշխարհում հասարակական կարծիքի ուսումնասիրման ամենահեղինակավոր և անկախ կազմակերպություններից մեկի՝ Gallup միջազգային ասոցիացիայի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: 2003 թվականից ի վեր MPG-ն, աշխատելով սոցիոլոգիական և մարքեթինգային հետազոտությունների շուկայում, իրականացրել է տարբեր մասշտաբի ավելի քան 800 նախագիծ: