
Արմինֆո.Տնային կալանքի տակ գտնվող "Ուժեղ Հայաստան" քաղաքական ուժի առաջնորդ Սամվել Կարապետյանը պատմել է, որ դեռ ձերբակալությունից առաջ Հայաստանի իշխանություններն իրեն առաջարկել են չմիջամտել Հայաստանում քաղաքական պայքարին՝ "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ընկերության կառավարումը վերադարձնելու դիմաց: Այդ մասին Կարապետյանը հայտարարել Է մայիսի 22-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Նրա ասելով՝ այդ առաջարկն իրեն փոխանցվել է իր մոսկովյան ընկերների միջոցով։ "Իսկ այդ առաջարկությունից առաջ, այսինքն, դեռ մինչեւ ինձ ձերբակալելը, բարձր մակարդակով ինձ առաջարկել են հանդես գալ հայտարարությամբ, որ ես չեմ պաշտպանելու Հայ Առաքելական Եկեղեցուն։ Փոխարենը՝ ինձ խոստանում էին վերադարձնել "Հայաստանի էլեկտրական ցանցերը", մնացածը (Սամվել Կարապետյանը չմանրամասնեց, թե ուրիշ ինչի մասին է խոսքը-խմբ.) ։ Բայց ես չընդունեցի այդ առաջարկը, եւ մենք առաջ գնացինք", - հայտարարել է Կարապետյանը։
"Ուժեղ Հայաստան" կուսակցության առաջնորդը նաև մեկնաբանել է, թե որքանով է ընդդիմությունը պատրաստ փողոցային պայքարի՝ հայաստանյան իշխանությունների ճնշման ուժեղացման և նոր ձերբակալությունների ֆոնին: Նա նշել է, որ, իր կարծիքով, Հայաստանում ընդդիմադիր ուժերը պատրաստ են իրադարձությունների ցանկացած զարգացման։ "Ինձ թվում է, որ ընդդիմությունը պատրաստ է ցանկացած տեսակի պայքարի։ Գործող իշխանության գործելաոճը ներքին ցնցումների արդյունք է։ Քանի որ, շրջելով երկրի մարզերում, նրանք տեսան, որ կորցրել են ժողովրդի աջակցությունը։ Հետեւաբար, նրանք այժմ հույս են դնում միայն ճնշման եւ բռնաճնշումների վրա։ Բայց դա նրանց չի օգնի: Մինչ նրանք մեկ մարդու են բերման ենթարկում, ևս 1000 մարդ հանդես է գալիս նրանց դեմ", - եզրափակել է Կարապետյանը։
Հիշեցնենք, որ 2025 թվականի հունիսի 18-ին իրավապահ մարմինները ձերբակալել էին, ապա դատարանը կալանավորել էր Սամվել Կարապետյանին ՝ սահմանադրական կարգը տապալելու կոչեր անելու մեղադրանքով Դա տեղի էր ունեցել միայն այն պատճառով, որ վերջինս, հանդես գալով ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու, հարցազրույցում հայտարարել էր․ "Մենք մեր ձևով կմիջամտենք", եթե քաղաքական գործիչները չկարողանան կատարել այդ գործառույթը: Կարապետյանին կալանավորելուց հետո իշխանությունները Կարապետյանների ընտանիքից, փաստացի, խլել են ՀԷՑ-ի կառավարումը՝ ժամանակավոր կառավարիչ նշանակելով "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության անդամ Ռոմանոս Պետրոսյանին:
Հավելենք, որ փետրվարի 12-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում "Ուժեղ Հայաստան" կուսակցության կողմից միաձայն վարչապետի թեկնածու է առաջադրվել քաղաքական ուժի նախագահ, գործարար Սամվել Կարապետյանը: Հայաստանում խորհրդարանական ընտրությունները նախատեսված են 2026 թվականի հունիսի 7-ին ։