
Փետրվարի 1-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիին։ Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունում, ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշել է, որ երկու բարեկամ երկրների միջև ակտիվ շփումներն ու բարձր մակարդակի փոխայցելությունները նպաստում են հայ-վրացական հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության ընդլայնմանը։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Թինաթին Խիդաշելին ներկայացրել է իր այցելության նպատակները, Պաշտպանության նախարարությունում ունեցած հանդիպման արդյունքները։ Հանդիպմանն անդրադարձ է արվել երկկողմ օրակարգի մի շարք հարցերի, պաշտպանական բնագավառում համագործակցության զարգացման հնարավորություններին։
Նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ։
Էդվարդ Նալբանդյանը Վրաստանի պաշտպանության նախարարին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը։ Նույն օրը վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է տիկին Խիդաշելիի այցը Հայաստան և նշել, որ նման մակարդակի այցելությունները նպաստում են երկու հարևան պետությունների և ժողովուրդների հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը: Ընդգծելով, որ Հայաստանի և Վրաստանի քաղաքական ու տնտեսական հարաբերությունները գտնվում են բարձր հիմքերի վրա՝ Հովիկ Աբրահամյանը կարևորել է համագործակցության զարգացումը նաև պաշտպանական ոլորտում, ինչը կամրապնդի ինչպես երկու բարեկամ պետությունների, այնպես էլ ողջ տարածաշրջանի անվտանգությունը: Վարչապետ Աբրահամյանի խոսքով՝ աշխարհաքաղաքական ներկայիս դժվար իրավիճակի հետևանքով առաջացող մարտահրավերներին դիմագրավելու համատեքստում պաշտպանության և անվտանգության ոլորտում փոխգործակցությունը դարձել է ոչ միայն արդիական, այլ նաև հրամայական:
Տիկին Խիդաշելին շնորհակալություն է հայտնել վարչապետին ջերմ ընդունելության համար և նշել, որ պաշտպանական բնագավառում Հայաստանի ու Վրաստանի փոխգործակցությունը ծավալվում է ոչ միայն երկկողմ ձևաչափում, այլ նաև ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելության շրջանակում: Վրաստանի պաշտպանության նախարարը կարևորել է տարածաշրջանային անվտանգության ամրապնդումը և խաղաղության ապահովումը: Հանդիպման ընթացքում Հովիկ Աբրահամյանը և Թինաթին Խիդաշելին մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ: