
Արմինֆո.Կանանց զբաղվածության ապահովումը կդառնա «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնահերթություններից մեկը։ Այս մասին մայիսի 21-ին Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը։
«Իհարկե, աշխատատեղերը կարևոր են համայնքի զարգացման համար ոչ միայն գյուղատնտեսության մեջ։ Առաջին հերթին՝ կանանց զբաղվածության հարցում։ Հայաստանում կանանց համար ամենահետաքրքիր ուղղությունը կարող է դառնալ տեքստիլ ֆաբրիկաների ստեղծումը»,- ասել է Կարապետյանը։ Նրա խոսքով՝ տեքստիլ արդյունաբերությունը կարող է մարզերում նոր աշխատատեղերի ստեղծման կարևոր աղբյուր դառնալ։ «Հենց տեքստիլը կապահովի աշխատատեղեր։ Ժամանակին Հայաստանում այս ոլորտում հարյուր հազարավոր մարդիկ են աշխատել։ Մենք ասում ենք, որ այստեղ կստեղծենք տեքստիլ արդյունաբերություն, կհիմնվի տեքստիլ ֆաբրիկա, որպեսզի կանայք աշխատանք ունենան»,- նշել է նա։
Կարապետյանն անդրադարձել է նաև գյուղատնտեսության խնդիրներին, հատկապես՝ ծիրանի իրացման դժվարություններին։ Նրա խոսքով՝ գլխավոր խնդիրներից մեկը մթերման կետերի պակասն է, ինչի հետևանքով սեզոնին գները նվազում են, և ֆերմերները չեն կարողանում շահավետ վաճառել իրենց բերքը։ Կուսակցության առաջարկով՝ Հայաստանի տարբեր մարզերում պետք է ստեղծվեն մթերման կետեր և սառնարանային տնտեսություններ, որոնք ֆերմերներից բերքը կգնեն նախապես սահմանված գնով և կարտահանեն արտասահմանյան շուկաներ։
«Մենք վերջապես կկարողանանք հայկական արտադրանքը վաճառել այն գնով, որով այն փաստացի գնվում է արտերկրում, իսկ այնտեղ գինը մի քանի անգամ բարձր է»,- ասել է Կարապետյանը՝ հավելելով, որ անհրաժեշտ է լուծել նաև «Լարս» անցակետի հետ կապված հարցերը, որպեսզի գյուղմթերքի արտահանումն իրականացվի արագ և առանց կորուստների։
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը մեկնարկել է մայիսի 8-ին և կտևի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։