
Արմինֆո.Հայաստանի ղեկավարությունը վերջին շրջանում ձեռնարկել է մի շարք քայլեր, որոնք չեն համապատասխանում Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների ոգուն։ Այս մասին, ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
«Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ այս երկրի ղեկավարությունը վերջին շրջանում ձեռնարկել է մի շարք քայլեր, որոնք չեն համապատասխանում Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային հարաբերությունների ոգուն»,- ասել է Շոյգուն։ Նրա խոսքերը հնչել են ՌԴ ԱԽ աշխատանքային խմբի նիստի ժամանակ։
Նրա խոսքով՝ Հայաստանը միջազգային հարթակներում կանոնավոր կերպով միանում է Եվրամիության դիրքորոշմանը, ինչպես նաև ակտիվ աշխատանք է տանում ստանդարտների փոփոխման, մաքսային և առևտրային ռեժիմները ԵՄ-ի հետ համապատասխանեցնելու ուղղությամբ, «ինչը կարող է չհամապատասխանել ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի պարտավորություններին»։
«Անցկացվում են համատեղ զինվարժանքներ, վերջին տարիներին Հայաստանի ղեկավարության կողմից ձեռնարկվել են միանշանակ ոչ բարեկամական բնույթի մի շարք գործողություններ։ Հենց այդպես ենք գնահատում Միջազգային քրեական դատարանի կարգավիճակին (Հռոմի ստատուտին) միանալը, Ռուսաստանի քաղաքացիների հանձնումը երրորդ երկրներին (...)»,- ասել է նա։
Շոյգուն քննադատել է Երևանի կողմից Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում ելույթ ունենալու հնարավորություն ընձեռելը։ Անվտանգության խորհրդի քարտուղարի խոսքով՝ Զելենսկու ելույթում հնչել են սպառնալիքներ Ռուսաստանի հասցեին, այդ թվում՝ Հաղթանակի շքերթին հարվածներ հասցնելու սպառնալիքներ։ «Սա ոչ այլ ինչ է, քան ծաղր ավելի քան մեկուկես միլիոն հայերի հիշատակի հասցեին, ովքեր իրենց կյանքը չխնայելով մարտնչել են նացիզմի՝ այս բացարձակ չարիքի դեմ»,- հայտարարել է Շոյգուն։
«Մենք լավ ենք հասկանում Հայաստանի ղեկավարության ցանկությունը՝ այսուհետ ևս տնտեսական օգուտներ քաղել մեր երկրի հետ հարաբերություններից,- ասել է նա և հավելել,- բայց համագործակցությունն ու ռազմավարական գործընկերությունը երկկողմանի երթևեկությամբ փողոց է։ Ուստի առաջարկում եմ այժմ քննարկել Հայաստանի հետ քաղաքական, տնտեսական, ինչպես նաև անվտանգության ոլորտներում փոխգործակցության հետագա կառուցումը»։
2025-2026 թվականներին Հայաստանի ռազմավարական գործընկերներն են դարձել Ռուսաստանի համար մի շարք ոչ բարեկամական երկրներ։ «Նրանց հետ համաձայնագիրը ենթադրում է, այդ թվում, անվտանգության ոլորտում փոխգործակցության խորացում։ Անցկացվում են համատեղ զինվարժանքներ»,- նշել է Շոյգուն։
Նա հիշեցրել է, որ Հայաստանի ընդհանուր ապրանքաշրջանառության մեջ Ռուսաստանի բաժնեմասը կազմում է 36%: «Մեր երկիրն առաջին տեղն է զբաղեցնում ինչպես արտահանման, այնպես էլ ներմուծման ծավալներով»,- նշել է նա։
«Այսօր հայկական գյուղատնտեսական արտադրանքի արտահանման մինչև 98%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին։ Ինչպես նաև մուգ ալկոհոլային խմիչքների արտահանման 78%-ը։ 2025 թվականին մատակարարումների ծավալը գերազանցել է 700 միլիոն դոլարը»,- ասել է Շոյգուն։
Նրա տվյալներով՝ նախորդ տարի Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումների ծավալը հասել է գրեթե 3,9 միլիարդ դոլարի։ «Սա կազմում է փոխանցումների ընդհանուր ծավալի գրեթե երկու երրորդը կամ Հայաստանի ՀՆԱ-ի ավելի քան 13%-ը»,- հայտարարել է նա։
«Հազիվ թե հնարավոր լինի վիճարկել այն փաստը, որ հայկական տնտեսության աճի հիմնական շարժիչ ուժը Ռուսաստանի հետ համագործակցությունն է։ Մեզ հետ տնտեսական կապերի զարգացումը թույլ է տվել Հայաստանի ՀՆԱ-ին միայն 2022-ից 2025 թվականներին աճել գրեթե 40%-ով»,- հայտնել է նա։