
Արմինֆո. ՀԱԵ Գերագույն հոգևոր խորհուրդը խիստ տարակուսելի է համարել ԵԽԽՎ նախընտրական պատվիրակության՝ մայիսի 13-ի միջանկյալ հայտարարության մեջ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «քաղաքականության մեջ աննախադեպ ներգրավվածության» վերաբերյալ արձանագրված գնահատականը, որը նկատում է ապատեղեկատվությամբ ուղղորդյալ և ամբողջովին հակասող ԵԽԽՎ 2026 թ․ հունվարի 25-ի թիվ 2633 (2026) բանաձևին։ Այդ մասին ասվում է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրությունում։
«Փոխարենը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ԵԽԽՎ-ից ակնկալում է հստակ գնահատականներ Հայաստանում Հայոց Եկեղեցու դեմ իշխանությունների սանձազերծած արշավի, հակառակ երկրի օրենսդրական կարգավորումների և միջազգային իրավունքի՝ պետական լծակների բացահայտ գործադրմամբ շարունակաբար դրվող արգելքների և սահմանափակումների առնչությամբ, որոնք ուղղակի խոչընդոտներ են հարուցում Եկեղեցու հոգեխնամ առաքելության մեջ։ Հասցեական արձագանքի են կարոտ անօրինական այնպիսի գործողությունները, ինչպիսիք են՝ հարկադրանքի միջոցներով և սպառնալիքներով եկեղեցականների վրա ներազդելու, մի շարք հոգևորականների նկատմամբ ապօրինի քրեական վարույթներ նախաձեռնելու, եկեղեցական կանոնակարգից շեղված հոգևորականներին խրախուսելու, առանձին քահանաների հետ ապօրինի աշխատանքային պայմանագրեր կնքելու, իսկ կարգալույծներին պետական հովանավորմամբ հոգևոր ծառայության նշանակելու դատապարտելի դեպքերը, որոնք ուղղակիորեն ոտնահարում են ինչպես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, այնպես և մարդու հիմնարար ազատություններն ու իրավունքները։
Միջազգային պատկան կառույցների և իրավապաշտպան կազմակերպությունների արդարամիտ արձագանքի են սպասում նաև աշխարհասփյուռ Հայոց Եկեղեցու ինքնակառավարմանը միջամտելու իշխող քաղաքական ուժի հակաիրավական գործողությունները և հատկապես՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում Եկեղեցու ազգընտիր Հայրապետի գահընկեցության ճանապարհով Եկեղեցու «բարենորոգման» մասին արձանագրված հավակնությունները․ մի քայլ, որ ևս հակականոնական է և հակաօրինական։
Գերագույն հոգևոր խորհուրդը հարկ է նկատում վերստին արձանագրել, որ Եկեղեցուց և եկեղեցական իրավասու մարմիններից դուրս որևէ կառույց՝ անգամ պետական ու քաղաքական իշխանությամբ օժտված, չի կարող իրականացնել եկեղեցական կյանքի «բարենորոգում»։
Ընտրությունների արդյունքում ժողովրդի շնորհած վստահության քվեն բացառապես կարող է օգտագործվել պետական ինքնիշխանությունն ամրապնդելու, երկրի սահմանների անձեռնմխելիությունն ապահովելու, ազգային ինքնությունը զորացնելու և հանրային համերաշխությունը վերականգնելու համար։
Հայոց պետությունն իր ազգակերտ առաքելությամբ բոլոր ժամանակներում եղել է ամուր պատվարը մեր ինքնության, խարիսխը մեր հարատևության։ Հայոց անկախ պետականությունը պետք է խոհեմությամբ, նվիրումով ու նախանձախնդրությամբ փայփայել և արկածախնդրություններով երբևէ վտանգի չենթարկել։
Թող Երկնավոր Տերը մշտամնա Իր օրհնության ներքո խաղաղության ու անվտանգության մեջ պահի երկիրը Հայոց և Իր լույս պատվիրաններով համայն հայ ժողովրդին առաջնորդի միմիայն Աստվածահաճո, հայրենաշեն և ազգօգուտ շավիղներով», - ասվում է Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությունում։
Նշենք, որ Հայաստան կատարած երկօրյա այցի արդյունքների վերաբերյալ ԵԽԽՎ պատվիրակության հայտարարությունում ասվում է քաղաքականությանը Հայ Առաքելական Եկեղեցու աննախադեպ մասնակցության մասին: