
Արմինֆո.Հայաստանի հանրային հեռուստատեսությունը (ՀՀՀ) հրաժարվել է հեռարձակել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի "Հայաստան" դաշինքի նախընտրական հոլովակը: Այդ մասին Facebook-ի էջում հրապարակված տեսանյութում հաղորդել է "Հայաստան" դաշինքի ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
Նա պարզաբանել է, որ հոլովակը ստեղծվել է արհեստական բանականության կողմից և դրա մասին համապատասխան նշում է ունեցել: Խամոյանի խոսքով՝ հոլովակում խոսվում է այն ապագայի մասին, որը սպասում է Հայաստանին գործող իշխանության վերընտրվելու դեպքում: "Ինչպես Հայաստանի հանրային հեռուստատեսությանը, այնպես էլ մասնավոր հեռուստաալիքներին, պարզապես, արգելել են հեռարձակել մեր հոլովակը։ Ժողովրդավարության Բաստիոնում Հայաստանի Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը զբաղվում է ընդդիմադիր ուժերի տեսահոլովակների գրաքննությամբ", - ընդգծել է ընդդիմադիրը։
Խամոյանն ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ ՀՀՀ-ի կարծիքով, հոլովակը ներառում է տարրեր, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ անչափահասների առողջության, ինչպես նաև մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա: Բացի այդ, նրա ասելով, նշվել է, թե, իբր, խեղաթյուրվել են պատմական իրադարձությունները, մշակութային ժառանգությունը և այլն: "Ոչ ՀՀՀ-ը, ոչ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը քաղաքական ուժին գրաքննելու իրավունք չունեն։ Տեսանյութում ոչ մի պատմական իրադարձություն չի խեղաթյուրվել։ Խոսվում է ապագայի մասին, որին կարող ենք բախվել գործող իշխանության օրոք։ ՀՀՀ-ը, որը մտահոգված է անչափահասների առողջությամբ, ինչպես նաև մտավոր և ֆիզիկական զարգացմամբ, դաստիարակությամբ, առաջին հերթին, պետք է մտահոգվի իշխող կուսակցության քարոզչական հոլովակների տեղադրմամբ, որոնք զրպարտություն և սպառնալիքներ են պարունակում", - հայտարարել է "Հայաստան" դաշինքի պատգամավորը:
Խամոյանն այդ առնչությամբ հարց է տվել, թե արդյոք այդ դեպքում վտանգ չի ներկայացնում երկրի ղեկավարի հռետորաբանությունը։ "Անչափահասների առողջությանը վտանգ է ներկայացնում հենց երկրի նման ղեկավարի առկայությունը, և՝ ոչ միայն առողջությանը", - հայտարարել է նա:
Ամփոփելով՝ Խամոյանը հաղորդել է, որ իրենք մտադիր են բողոք ներկայացնել այդ ապօրինի որոշման կապակցությամբ և շարունակել իրենց նախընտրական քարոզարշավի շրջանակներում ՀՀ քաղաքացիներին նախազգուշացնել, թե ինչ ապագա է նրանց սպասվում՝ գործող իշխանության վերընտրվելու դեպքում:
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Հայաստանի Ազգային ժողովի հերթական ընտրություններին կմասնակցի 19 քաղաքական ուժ՝ 17 կուսակցություն և 2 դաշինք: