
Արմինֆո.Ադրբեջանն ուզում է փափուկ ուժով զավթել Հայաստանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնությամբ։ Այդ մասին հայտարարել է "Ուժեղ Հայաստան" կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ մեկնաբանելով նախընտրական քարոզարշավի շրջանակներում Փաշինյանի հայտարարությունը ՝ Ադրբեջանին տարածքներ հանձնելու հետագա ծրագրերի վերաբերյալ։
Կարապետյանը վստահ է, որ եթե հունիսի խորհրդարանական ընտրությունների արդյունքում Փաշինյանը վերընտրվի, ապա թշնամուն հանձնվելիք տարածքների անվանումների թիվը կավելանա: Նրա խոսքով՝ հենց այդ պատճառով էլ իրենց քաղաքական ուժը հանդես է գալիս այդ գործընթացը կասեցնելու անհրաժեշտության մասին հայտարարություններով։ "Այս մարդն ամեն ինչ կհանձնի վախի մթնոլորտի պայմաններում։ Հնարավոր է՝ մեր հայրենակիցներին թվում է, թե մենք այդ մասին անընդհատ խոսում ենք մեր նախընտրական քարոզարշավի շրջանակներում։ Սակայն, չկա ոչ մի կապ։ Մենք մտահոգված ենք, քանի որ տեսնում ենք նրանց քայլերը։ Նրանք կգնան միակողմանի զիջումների և կընդունեն 300 000 ադրբեջանցիների, թեև դա, նույնիսկ, ստույգ թիվ չէ։ Եվ հարց է առաջանում, թե ով է կանգնեցնելու այդ գործընթացը", - հայտարարել է Կարապետյանը՝ իր իսկ Facebook-յան էջում հրապարակված փոդքասթում։
"Ուժեղ Հայաստան" կուսակցության առաջնորդը նշել է, որ այդ համատեքստում պատահական չի համարում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի ժամանումը Հայաստան: "Նա եկավ և նոր ցուցումներ տվեց", - վստահ է Կարապետյանը:
Քաղաքական գործիչն արձագանքել է նաև որոշակի շրջանակների կողմից տարածվող տեղեկություններին, թե, իբր, "ինքը՝ Սամվել Կարապետյանը, օտարերկրյա լրտես է։ "Ես իսկապես լրտես եմ, հայ ժողովրդի լրտես։ Փաշինյանը մտահոգված է, որ մենք ամեն շաբաթ բացահայտում ենք իրենց անօրինական և թույլ քայլերը։ Ցույց ենք տալիս հայ ժողովրդին, թե ինչ վիճակի են հասցրել երկիրը։ Նրան թվում է, թե դա կարելի է անել միայն լրտեսության միջոցով։ Բայց ցանկացած մարդ, ծախսելով իր ժամանակից ընդամենը մեկ ժամ, կկարողանա տեսնել ամեն ինչ․ Փաշինյանի անօրինական գործողությունները, արտաքին խնդիրները, որոնց բախվել է երկիրը նրա օրոք, ներքին խնդիրները։ Դրա համար պետք չէ լրտես լինել։ Թող, ավելի լավ է, Փաշինյանը կողմնորոշվի, թե քանի երկրի լրտես է հենց ինքը։ Դրանցից առնվազն երկուսը Հայաստանի համար բարեկամական չեն", - եզրափակել է Կարապետյանը։
Ավելի վաղ Հայաստանի վարչապետը հայտարարել էր, որ իրենք նախատեսում են սահմանազատման շրջանակներում երեք տարածք հանձնել Ադրբեջանին: Ընդ որում, նա նշել էր միայն երկու գյուղ Հայաստանի Տավուշի մարզում։ Փորձագետները հակված են կարծելու, որ երրորդը Արարատի մարզում գտնվող Տիգրանաշենն է։ Հայաստանի այդ տարածքը թշնամական կողմին հանձնելու դեպքում կկտրվի դեպի Իրանի սահման տանող միջազգային նշանակության ռազմավարական ճանապարհը։