
ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորներն առաջարկում են փոփոխություններ մտցնել օմբուդսմենի թեկնածուի առաջադրման կարգում:
Ներկայացնելով որոշման նախագիծը, ըստ որի՝ պետաիրավական հարցերի հանձնաժողովը լիազորված է առաջադրելու օմբուդսմենի թեկնածուին՝ հանձնաժողովի ղեկավար Հովհաննես Սահակյանը նշել է, որ քննարկումների ընթացքում հիմնականում դիտարկվել է հանձնաժողովի անդամների 1/3-ի կողմից թեկնածուի առաջադրման հարցը: Նա նշել է, որ առաջարկվել է, որպեսզի բոլոր խմբակցություններն իրենց թեկնածուին հանձնաժողովին ներկայացնելու հնարավորություն ունենան: Սակայն, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի կազմում ընդդիմադիր պատգամավորները հանդես են եկել նման կարգի դեմ՝ նշելով, որ հիշյալ խորհրդարանական հանձնաժողովի կազմում մեծամասնություն են կազմում ՀՀԿ խմբակցության անդամները, և, ստացվում է, որ օմբուդսմենի թեկնածությունը կառաջադրեն իշխանության ներկայացուցիչները:
ՙԻնչու՞ օմբուդսմենի թեկնածությունը չի կարող առաջադրել մարդու իրավունքների հանձնաժողովը: Դա նույնն է, թե ՏՄՊՊՀ ղեկավարի թեկնածուին, եթե նա խորհրդարանի կողմից ընտրվեր, առաջադրեր կրթության և գիտության հարցերի հանձնաժողովը: Դեռ կարելի է համաձայնել այն բանի հետ, որ որոշման նախագծով զբաղվում է պետաիրավական հարցերի հանձնաժողովը, ինչ վերաբերում է թեկնածության առաջադրմանը, այստեղ ընդհանրապես որևէ տրամաբանություն չկա՚,- հայտարարել է ՀԱԿ-ից պատգամավոր Նիկոլ Փաշինյան:
ՙԺառանգություն՚ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն իր հերթին նշել է, որ առաջարկված նախագծով խմբակցություններին թեև ընձեռվում է իրենց թեկնածուին առաջադրելու հնարավորությունը, սակայն արդյունքում հանձնաժողովն ընտրում և խորհրդարանին է ներկայացնում միայն մեկ թեկնածություն: Նա առաջարկել է խորհրդարանի քննարկմանը ներկայացնել հանձնաժողովում ամենամեծ թվով ձայների արժանացած առնվազն երկու թեկնածություն, ինչը կապահովի մրցակցության սկզբունքը: ՙԲարգավաճ Հայաստան՚ խմբակցությունը միացել է Փոստանջյանի առաջարկին:
Նշենք, որ որոշման նածագիծը բխում է 2015 թ. դեկտեմբերի 6-ին կայացած հանրաքվեի արդյունքում ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններից: Այդպիսով՝ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնի համար թեկնածություն է առաջադրում ոչ թե ԱԺ-ն, այլ՝ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը:
Նշենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել հունվարի 13-ին: Արդեն երկար ժամանակ Անդրեասյանի և Հանրապետական կուսակցության որոշ շրջանակների միջև բավականին լարված հարաբերություններ են: Պատճառը, ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն, Անդրեասյանի և ՀՀ նախագահի փեսայի՝ Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի միջև կոնֆլիկտն է: Անդրեասյանն օմբուդսմենի պաշտոնում ընտրվել էր 2011 թ. մարտին՝ 6 տարի ժամկետով: