
Արմինֆո. Հայաստանն ու Լիտվան այլևս ռազմավարական գործընկերներ են։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ մայիսի 19-ին Երեւանում Լիտվայի ԱԳ նախարար Կաստուտիս Բուդրիսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով՝ համագործակցության այս նոր ձևաչափը թույլ կտա ոչ միայն ավելի լուրջ դարձնել երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունը, այլև ավելի համապարփակ մոտենալ հայ-լիտվական ոլորտային համագործակցությանը: Նա նշել է, որ հանդիպմանը քննարկվել են մի շարք ուղղություններով փոխգործակցության հեռանկարները, այդ թվում ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, կիբեռանվտանգության ոլորտներում, որտեղ Լիտվան մեծ փորձ ունի: Միրզոյանը հավելել է, որ անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունների համատեքստում հայ-լիտվական փոխգործակցությանը:
"Մենք, առաջին հերթին, պետք է ընդգծենք, որ մեր հարաբերությունները հիմնված են ընդհանուր արժեքների վրա․ մարդու իրավունքներ, ժողովրդավարություն, ինքնիշխանություն։ Պետք է նշեմ նաև, որ իմ թվարկած արժեքները մեր օրերում տարբեր կենտրոնների կողմից հարձակման թիրախ են դառնում և գտնվում են հիբրիդային սպառնալիքի տակ: Սա այն ոլորտներից է, որտեղ մենք Լիտվայի հետ սերտորեն համագործակցում ենք", - ասել է Հայաստանի արտգործնախարարը։
Նա հավելել է, որ Լիտվայի գործընկերոջ հետ քննարկել է Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները, այդ թվում՝ Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերը:
Իր հերթին՝ Բուդրիսը հիշեցրել է, որ Լիտվան առաջին երկիրն էր, որը ճանաչեց Հայաստանի անկախությունը՝ 1991 թվականին: Իսկ այսօր, ըստ նրա, Երևանն ու Վիլնյուսը, ստորագրելով ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ, այդ հարաբերությունները բարձրացնում են նոր մակարդակի։ Նա նշել է, որ հանդիպմանը քննարկվել են երկկողմ համագործակցության հեռանկարային ուղղությունները:
"Ինչ վերաբերում է անվտանգության ոլորտին։ Այո, քննարկեցինք, թե ինչ իրավիճակ էր ի սկզբանե, նախարարն ինձ տեղեկացրեց աշխարհաքաղաքական գործընթացների մասին, ինչպես նաև խոսեց Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների և դրանցում առկա դրական միտումների մասին ։ Մենք բոլորս դրական միտումների կարիք ունենք, քանի որ բոլորը խաղաղության կարիք ունեն", - ասել Է դիվանագետը, հավելելով, որ Լիտվան աջակցում է խաղաղության գործընթացին ։ Նա նաև համոզմունք է հայտնել, որ տարածաշրջանում խաղաղության հաստատումը, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը կնպաստեն տարածաշրջանի բարգավաճմանը: