


Արմինֆո. Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) փրկարար ծառայության տնօրեն, ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը և ֆրանսիական «ASPEBE» հասարակական կազմակերպության նախագահ Բեռնար Ժանենը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ արտակարգ իրավիճակների կանխարգելման, դրանց հետևանքների վերացման և աղետների ռիսկերի կառավարման ոլորտում համագործակցության վերաբերյալ։
Ինչպես հայտնում են ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունից, հուշագիրը ստորագրվել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինյիի հետ Ղազարյանի հանդիպման շրջանակներում։ Հանդիպման ընթացքում հայ պաշտոնյան բարձր է գնահատել արտակարգ իրավիճակներին արձագանքման և աղետների ռիսկերի կառավարման ոլորտում Հայաստանի և Ֆրանսիայի միջև արդյունավետ համագործակցությունը։ Ոլորտային բարեփոխումների մասով նա վստահություն է հայտնել, որ Ֆրանսիայի քաղաքացիական պաշտպանության փորձը կարող է էապես նպաստել Հայաստանի փրկարար ծառայության կարողությունների զարգացմանը։
Խոսելով համատեղ իրականացված ծրագրերի մասին՝ Փրկարար ծառայության տնօրենը հիշեցրել է «Աղետների կառավարում» դասընթացի, «HOPE-2023» դաշտային վարժանքների, ինչպես նաև 2024 թվականի հեղեղումներից հետո կազմակերպված ճգնաժամային կառավարման և արձագանքման հարցերով վերապատրաստումների մասին։ Ղազարյանը կարևորել է նաև «VOLFIRE» ծրագրի շրջանակներում ֆրանսիացի հրահանգիչների մասնակցությամբ 79 կամավոր հրշեջ-փրկարարների վերապատրաստման դասընթացները։
Դեկոտինյին իր հերթին հիշեցրել է, որ արտակարգ իրավիճակների ոլորտում երկու երկրների միջև համագործակցության հիմքերը դրվել են դեռևս 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի ժամանակ, երբ շուրջ 500 ֆրանսիացի փրկարարներ ժամանեցին Հայաստան՝ մասնակցելու որոնողափրկարարական աշխատանքներին։ Նրա խոսքով՝ այս փոխգործակցությունը վերածվել է կայուն և արդյունավետ գործընկերության։



