
Արմինֆո.Տիգրանաշեն գյուղի հանձնումն Ադրբեջանին կհանգեցնի Սյունիքի կորստին։ Նման կարծիք է հայտնել Սթենֆորդի համալսարանի քաղաքական գիտությունների դոկտոր, քաղաքագետ Արթուր Խաչիկյանը՝ արձագանքելով տարածքներ հանձնելու հետագա ծրագրերի վերաբերյալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ նախընտրական քարոզարշավի շրջանակներում։
Մասնավորապես, ՀՀ վարչապետը, անդրադառնալով քաղաքացիներից մեկի հարցին, թե որ տարածքների մասին է խոսում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, երբ հայտարարում է, որ "Հայաստանն ունի անկլավներ, որոնք պետք է հանձնվեն Ադրբեջանին", պատասխանել է, որ "խոսքը ոչ թե Հայաստանի ինքնիշխան տարածքների, այլ Ադրբեջանի տարածքների մասին է", որոնք պետք է վերադարձվեն սահմանազատման և սահմանագծման շրջանակներում ՝ Արծվաշենի դիմաց։
Խաչիկյանը վստահ է, որ այս կերպ Հայաստանի գործող իշխանությունները, պարզապես, գտել են սուտ խոսելու նոր ձև: "Դա սուտ ասելն է՝ դանդաղ։ Այս իրավիճակը նման է "եռացող ջրի մեջ գորտի սինդրոմին", երբ կենդանին չի զգում ջրի տաքացումը և չի ցատկում ջերմաստիճանի աստիճանաբար բարձրացման դեպքում: Ըստ էության, մեր ողջ ազգին ևս եփում են 2018 թվականից (Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո - խմբ.), և դա անում են նույնպես դանդաղ։ Այսինքն՝ ողջ ճշմարտությունը միանգամից չեն ասում", - կարծում է քաղաքագետը։
Այդ առնչությամբ նա հիշեցրել է, թե ինչպես էին Հայաստանի գործող իշխանությունները սկսել խոսել Արցախի հարցով բանակցային նշաձողը նվազեցնելու անհրաժեշտության մասին ։ "Դրանից հետո Փաշինյանը մեկնեց Պրահա, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի օգնությամբ հանձնեց Արցախը։ Բայց երբ նրանց հարցնում են, թե արդյոք իրենք չեն հանձնել այդ տարածքը, նրանք պատասխանում են, որ նման բան չի եղել", - ուշադրություն է հրավիրել փորձագետը։
Ինչպես նշել է Խաչիկյանը, դրանից հետո իշխանությունները սկսել են տարածել է մեկ այլ սուտ, իբր, այդպիսով նրանք կպահպանեն Հայաստանի տգարածքները։ "Սակայն, երբ նրանց հարցնում են, այսպես կոչված, "Զանգեզուրի միջանցքի" մասին, նրանք պահանջում են չօգտագործել այդ «միջանցք» բառը: Բայց ժամանակն անցնում է, եւ նրանք արդեն խոսում են մասնավոր ընկերությանը ճանապարհ հանձնելու մասին։ Այսինքն, մենք տեսնում ենք, թե ինչպես են մեզ կրկին խաբում", - ընդգծել է քաղաքագետը։
Խաչիկյանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Հայաստանի տարածքում մասնավոր ընկերության վարձակալությունը բացասական արձագանք չէր ունենա, եթե այդ ամենը տեղի ունենար Հայաստանի ինքնիշխանության շրջանակներում: Սակայն, ինչպես հիշեցրել է փորձագետը, ավելի ուշ պարզվել է, որ ճանապարհը կփոխանցվի ոչ թե մասնավոր ընկերությանը, այլ՝ երրորդ պետությանը, որը կունենա բաժնետոմսերի 74 տոկոսը: "Այսինքն, մենք ոչ թե բերում ենք, պայմանականորեն, Blackwater (ամերիկյան մասնավոր ռազմական ընկերություն - խմբ.), այլ մենք այդ ընկերության 74%- ը տալիս ենք մեկ այլ երկրի և այդպիսով կորցնում ենք մեր ինքնիշխանությունը։ Ստացվում է, որ այս հարցում էլ են մեզ խաբել", - նծել է Խաչիկյանը։
Վերադառնալով հիմնական հարցին՝ փորձագետը հիշեցրել է, որ Հայաստանի իշխանությունները նախընտրական քարոզչության շրջանակներում շրջում են հայկական պետության քարտեզով, ասելով, որ "պետք է պահպանել Հայաստանի ունեցած տարածքները" ։ Սակայն, ինչպես ուշադրություն է հրավիրել քաղաքագետը, ավելի վաղ ակնհայտ էր դարձել, որ նրանք մտադիր են տարածքներ զիջել Տավուշի մարզում և Տիգրանաշենում։ Նա հիշեցրել է, որ այդ մասին ասել է ինքը՝ Փաշինյանը, հայտարարելով, որ "հայկական կողմն ունի տարածքներ, որոնք պետք է հանձնվեն Ադրբեջանին"։ Խաչիկյանի ասելով՝ խոսքը Տավուշի մարզի երեք գյուղերի և Տիգրանաշենի մասին է։
"Տիգրանաշենի հանձնումն Ադրբեջանին կհանգեցնի Սյունիքի կորստին։ Քանի որ Սյունիքի մարզը կհայտնվի շրջափակման մեջ, և կկրկնվի այն սցենարը, որը տեղի է ունեցել Արցախում։ Այսինքն ՝ մեզ նորից դանդաղ խաբում են։ Սկզբում նրանք հավաստիացնում էին, որ այդ տարածքները պահպանվելու են, իսկ հետո պարզ դարձավ, որ մտադիր են ևս 3 տարածք և Տիգրանաշենը հանձնել ։ Եվ կրկին մեզ համոզելու են, որ այդ տարածքները հայկական չեն եղել։ Այդ մարդը կարողացավ առանց ամոթի հայտարարել, որ Արցախը երբեք հայկական չի եղել, ավելին, հենց նա է հրահրել պատերազմը։ Եվ դրա վերջը չի երևում։ Նա մեզ խաբել է ու հանձնել ամեն ինչ՝ Արցախը, մոռացության է մատնել ցեղասպանությունը, Արարատը, Հայաստանի պատմությունը, հիմա խոսքը անկլավների մասին է։ Հաջորդ քայլով նա Հայաստան կբերի 300 000 ադրբեջանցիների, և դա կլինի Հայաստանի վերջը", - կարծում է քաղաքագետը։
Ամփոփելով՝ Խաչիկյանը նշել է, որ հենց հիմա այն պահն է, երբ դա կարելի է կանգնեցնել Հայաստանում հունիսին խորհրդարանական ընտրությունների միջոցով։
Հիշեցնենք, որ դեռևս 2023 թվականի մայիսի 22-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի վարչապետը խոսել էր Տավուշի և Արարատի մարզերում, այսպես կոչված, "անկլավները" Ադրբեջանին հանձնելու մասին ։ Հայաստանի վարչապետի այս քայլերը, իրագործման դեպքում, Հայաստանը կկտրեն դեպի Իրան և Վրաստան ռազմավարական տրանսպորտային հաղորդակցություններից ։