
Արմինֆո. Պետական ռեպրեսիվ ապարատի կիրառումը չնչին վարչական իրավախախտման՝ իշխող կուսակցության պաստառը պատռելու համար, և այդ արարքի կամայական քրեականացումը ակնհայտ քաղաքական հետապնդում է, որը բնորոշ է ավտորիտար համակարգերին։
Այսպես է Սամվել Կարապետյանի իրավաբանական թիմի անդամ, միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը մեկնաբանել Արմեն Հովհաննիսյանի ինքնասպանությունը, ով կախվել էր հիվանդանոցի խցում՝ իշխող կուսակցության պաստառը պատռելու պատճառով ձերբակալվելուց հետո։
«Ես խորապես ցնցված և վրդովված եմ Արմեն Հովհաննիսյանի ողբերգական և ամբողջությամբ կանխելի մահվան փաստով, ով զրկվել է կյանքից՝ գտնվելով պետության վերահսկողության ներքո։ Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում նրա ընտանիքին այս ծանրագույն կորստի կապակցությամբ։ Արձանագրենք բացարձակ ճշմարտությունը՝ մեկ քաղաքական պաստառը արժեցավ մարդկային կյանք», — հայտարարել է փաստաբանը ֆեյսբուքյան իր էջում։
Ընդ որում, նա արձանագրել է, որ գործելակերպի նման մեթոդները պետական լիազորությունների չարաշահում են արդարադատության իրականացման քողի տակ, ինչն ուղղակիորեն խախտում է իրավական որոշակիության և համաչափության հիմնարար սկզբունքները։
Ամստերդամը հավելել է, որ Արմեն Հովհաննիսյանի տեղափոխումը պետական հոգեբուժական հիվանդանոց, որտեղ մի քանի ժամ անց նրան գտել են կախված, համակարգային ձախողման և հանցավոր անփութության դրոշմ է։
«Չի կարելի թույլ տալ իշխող ռեժիմին թաքցնել սա սովորական ինքնասպանության քողի տակ։ Քարոզչական պաստառը կարելի է փոխարինել։ Մարդկային կյանքը՝ երբեք։ Այս գործով պետք է անհապաղ անցկացվի անկախ միջազգային հետաքննություն, և պետք է սահմանվի լիակատար պատասխանատվություն», — գրել է նա։
Իրավիճակի վերաբերյալ հանդես են եկել նաև հինգ իրավապաշտպաններ, ովքեր ընդգծել են, որ քարոզչական պաստառ պատռելու համար ձերբակալված քաղաքացու ինքնասպանության մասին լուրը ոչ թե առանձին ողբերգություն է, այլ իրավապահ համակարգի կողմից օրենքի կոպտագույն խախտման դրսևորում։
«Պաստառ պատռելու արարքը հստակ սահմանված է Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40.11 հոդվածով, և չի կարող հիմք հանդիսանալ քրեական գործ հարուցելու կամ, առավել ևս, քրեական դատավարության շրջանակներում անձին կալանավորելու համար։ Սա տարրական իրավական ճշմարտություն է, որը գործընթացում ներգրավված բոլոր պաշտոնատար անձինք պարտավոր էին իմանալ և հաշվի առնել։
Սակայն Հայաստանում ստեղծվել է մի իրականություն, որտեղ իրավապահ համակարգը վերածվել է քաղաքական ծառայության գործիքի, իսկ օրենքը՝ կամայական մեկնաբանությունների առարկայի։ Երբ անձը քրեական հետապնդման է ենթարկվում վարչական իրավախախտման համար, դա այլևս իրավական գործընթաց չէ, այլ պետական ռեպրեսիա», — հայտարարել են նրանք։
Իրավապաշտպանները հավելել են, որ այս ծանր հանցագործությունը, որը քաղաքացուն կյանք է արժեցել, չի կարելի ներկայացնել որպես «դժբախտ պատահար» կամ «անձնական ողբերգություն»։ «Սա իրավապահ մարմինների կողմից իրավական անփութության, անպատժելիության և օրենքի ակնհայտ խեղաթյուրման հետևանք է, ինչն ուղղակիորեն համապատասխանում է Քրեական օրենսգրքի 478 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներին», — հավելել են նրանք։