


Արմինֆո.
Հայաստանը կարող է դառնալ եվրոպական երկիր՝ առանց ԵՄ անդամակցության հավակնելու։ Այս մասին Աջափնյակ վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
Քաղաքական գործիչը հարց է բարձրացրել՝ արդյո՞ք որևէ մեկը հավատում է, որ ԵՄ-ն կգա Հարավային Կովկաս։ «Լավ կլիներ, բայց դա չի լինի։ Աշխարհագրությունը դաժան բան է։ Տեսանելի ապագայում դա անհնար է։ Միայն եթե Թուրքիան ու Վրաստանը դառնան անդամ, և մենք էլ ևս 20 տարի կանգնենք հերթում, եթե ԵՄ-ն այս տեսքով մինչ այդ պահպանվի։ Սա սուտ է, որը փորձում են սրսկել ժողովրդին։ Մի՛ խաբվեք»,- կոչ է արել Քոչարյանը։
Նա նշել է, որ ոչ ոք չի խանգարում Հայաստանը դարձնել եվրոպական երկիր՝ բարեկեցության մակարդակով, ազատություններով, տնտեսական զարգացմամբ, հատկապես եթե հիշենք, որ Եվրոպայի ամենաբարգավաճ երկրները՝ Շվեյցարիան և Նորվեգիան, ԵՄ անդամ չեն։ «Բայց պետք չէ անել քայլեր, որոնք հղի են խնդիրներով։ Հարավային Կովկասն այլ տարածաշրջան է, հարավում Իրանն է, հյուսիսում՝ Ռուսաստանը, աշխարհում լարված իրավիճակ է։ Երրորդ անգամ ժողովրդի գլխին խնդիրներ մի՛ ստեղծեք»,- կոչ է արել Քոչարյանը՝ նկատի ունենալով իշխանությունների եվրոպական ձգտումները և տարաձայնությունները Ռուսաստանի ու ԵԱՏՄ-ի հետ։



