


Արմինֆո.ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ընտրողների հետ հանդիպմանը հարց է բարձրացրել, թե արդյոք հայ ժողովուրդն ունակ է տեր կանգնել հավաքական հիշողությանը։
Նրա խոսքով՝ նման հնարավորություն միշտ կա, քանի որ յուրաքանչյուր մարդ սովորում է սեփական փորձից։ Առանձին պահեր մոռացվում են, բայց մնում է այն, ինչը փոխել է քո կյանքի ուղին։ Օրինակ՝ հիշո՞ւմ է արդյոք ժողովուրդը, թե ինչ տեղի ունեցավ 2020 թվականի պատերազմից հետո, հիշո՞ւմ է Արցախի կորստի, 5 հազար զոհերի, 12 հազար վիրավորների մասին։ «Ինձ թվում է, որ ժողովուրդը հիշում է, բայց, չնայած դրան, բոլորը գիտեն, թե ինչ եղավ 2021 թվականին, երբ մարդիկ գնացին և քվեարկեցին Նիկոլ Փաշինյանի օգտին՝ նրան ոգեշնչելով Արցախի հանձնման և այլ քայլերի։ Հիմա սա հավաքական հիշողության ձախողմա՞ն դրսևորում է, թե՞ ինչ։ Ես անձամբ դեռևս չունեմ դրա բացատրությունը»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով, որ դրանով իսկ ընտրողը հնարավորություն է տվել նոր ողբերգություններ բերել ժողովրդի գլխին։
Քոչարյանը նշել է, որ ընտրողն իր քվեով քաղաքական գործիչներին հնարավորություն է տալիս իրականացնել իրենց խոստումները։ Այսօրվա իշխանությունը հետաքրքիր վերաբերմունք է ցուցաբերում այդ մանդատին՝ այն չկապելով տրված խոստումների հետ։ Գործնականում Փաշինյանը մանդատ է ստացել ոչ թե իր ժողովրդին տված նախընտրական խոստումները կատարելու, այլ Ալիևին տված։ «Սովորաբար մարդն ատում է ոչ թե նրան, ով իրեն կռացրել է, այլ նրանց, ովքեր իրեն չեն կռացրել, և հենց այդ պատճառով այդ մարդն ակտիվորեն պայքարում է բոլոր հայրենասերների դեմ»,- նշել է ՀՀ երկրորդ նախագահը՝ միաժամանակ հավելելով, որ այդ մարդն իրեն հիշեցնում է Ալիևի տուզիկին։
Ռոբերտ Քոչարյանը հավաքվածներին կոչ է արել հունիսի 7-ին գնալ ընտրական տեղամասեր և քվեարկել 17 համարի ( «Հայաստան» դաշինքի համարը) օգտին:



