


Արմինֆո.Ձերբակալված բլոգեր Արտակ Ավետիսյանի տանը խուզարկություն է իրականացվում: Այս մասին Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Արտակը հրաժարվել է հանրային պաշտպանից և խնդրել է ինձ ներկայացնել իր շահերը։ Ավետիսյանի դեմ ուզում են մեղադրանք առաջադրել ռասայական կամ կրոնական ատելության հոդվածով, հնարավոր է՝ դա արդեն արվել է։ Արտակն ինձ հեռախոսով ասաց, որ ինքն իր մեղքը չի ընդունում։ Մենք գործ ունենք դասական քաղաքական հալածանքի հետ»,- ասել է Մելիքյանը՝ հավելելով, որ տան խուզարկությունն օգտագործվում է որպես բռնաճնշման մեթոդ։
Ավետիսյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու վերաբերյալ դատական նիստը կարող է նշանակվել կամ այսօր երեկոյան, կամ վաղը առավոտյան:
Նշենք, որ Ավետիսյանը ձերբակալվել է այն բանից հետո, երբ մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ բացականչել է «Նիկոլ, դավաճա՛ն»։



