
Արմինֆո.Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ներկայացրել է օրենսդրական նախաձեռնություն, որով խստացվելու է ընտրակաշառք տալու կամ ստանալու համար նախկինում նախատեսված պատիժը:
Ինչպես հաղորդել է Սիմոնյանը Facebook-ի էջում հրապարակված տեսանյութում, այդ նախաձեռնությունը իր կողմից շրջանառության մեջ է դրվում ՔՊ պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանի, Ալխաս Ղազարյանի և Վահագն Ալեքսանյանի հետ համատեղ: ԱԺ նախագահի ասելով՝ ընտրակաշառք տալու համար նախկինում նախատեսված մինչև 8 տարի ազատազրկումը կփոխարինվի մինչև 10 տարի ազատազրկմամբ, իսկ ընտրակաշառք ստանալու համար նախատեսված մինչև 7 տարի ազատազրկումը կփոխարինվի մինչև 9 տարի ազատազրկմամբ:
"Հիմա մտածեք․ արդյո՞ք արժե 200 հազար դրամի, հեռուստացույցի, տաբատի կամ քյաբաբի պատճառով դատվածություն ունենալ, մտնել այդ ամենի մեջ և հարվածի տակ դնել մեր պետականությունը, անկախությունն ու ինքնուրույն որոշումներ կայացնելու փաստը։ Անկեղծ ասած՝ չեմ նախանձում այն մարդկանց, ովքեր մինչև այս պահը ներգրավված են եղել նման գործընթացներում", - եզրափակել է Սիմոնյանը։
Նշենք, որ մայիսի 13-ին Հակակոռուպցիոն կոմիտե բերման են ենթարկվել "Ուժեղ Հայաստան" կուսակցության մի շարք համակիրներ և քաղաքական ուժի գրասենյակի աշխատակիցներ: Սա առաջին դեպքը չէ, երբ կուսակցության կողմնակիցներին բերման են ենթարկում ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքով: Կուսակցությունում հայտարարեկ են, որ այս կերպ իրականացվում է հերթական միջամտության փորձը ՝ կուսակցության անդամներին ահաբեկելու և նրանց գործունեությունը խոչընդոտելու միջոցով քաղաքական ուժի համար անհավասար պայմաններ ստեղծելու նպատակով: Իսկ մայիսի 14-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի "Հայաստան" դաշինքը հաստատել է տեղեկությունը, որ Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություններ է իրականացնում քաղաքական ուժի Սպիտակի գրասենյակում: Դաշինքում նշել են, որ խուզարկություններն անակնկալ չեն, և համոզմունք են հայտնել, որ այս կերպ փորձ է արվում ահաբեկել իրենց քաղաքական ուժին 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ: Բացի այդ, դաշինքում ընդգծել են, որ տեղի ունեցողը ոչ թե օրինական գործընթաց է, այլ քաղաքական ուժի կառույցների բնականոն աշխատանքը խոչընդոտելու հերթական էժանագին փորձ: