
Արմինֆո. «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» 22-րդ մրցույթը կանցկացվի Հայաստանում՝ հունիսի 6-ին: Այս մասին Կառավարության նիստում տեղեկացրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով դրա վերաբերյալ կառավարության որոշումը։
Կառավարության հաղորդագրության համաձայն, նախարարը տեղեկացրել է, որ այդ նպատակով նախատեսվում է հատկացնել 665 մլն դրամ։ «Սա շատ հետաքրքիր մի ձևաչափ է, որը Հանրային հեռուստաընկերության և Եվրոպական հեռարձակողների միության համատեղ ջանքերով է իրականացվում և հնարավորություն է տալու մեր երկիրը հերթական անգամ դիրքավորել միջազգային հարթակում հատկապես դասական արվեստի ուղղությամբ, ինչը, կարծում ենք, առանձնահատուկ կարևորություն ունի»,-ասել է Ժաննա Անդրեասյանը:
ԿԳՄՍ նախարարի խոսքով հունիսի 6-ը խորհրդանշական օր է. «Մենք խոսում ենք աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրվա մասին: Այդ օրը դասական արվեստի միջոցով ևս մեկ անգամ կընդգծվի մեծանուն կոմպոզիտորի անվան և ստեղծագործական հարուստ ժառանգության արժեքն ու նշանակությունը: Պատահական չէ նաև, որ մրցույթն անցկացվելու է Օպերային թատրոնում, որի հիմնադրման 100-ամյակը լրանում է այս տարի, և այդ իմաստով այս միջոցառումը կդառնա Օպերային թատրոնի շենքի հիմնադրման 100-ամյակը նշանավորելու շատ կարևոր միջոցառում՝ հատկապես հաշվի առնելով միջոցառման բովանդակությունը, որը հնարավորություն է տալու ընդգծել նաև շենքի ճարտարապետական նշանակությունն ու գեղեցկությունը, քանի որ միջոցառումն անցկացվելու է ոչ միայն շենքի ներսում, այլև շենքի դրսում, հատկապես տանիքային հատվածներում, որտեղ բեմադրվում են բալետային և այլ ներկայացումներ»։
Ըստ նախարարի՝ ապահովվելու է ուղիղ հեռարձակում 11 երկրներում, որոնք ևս մասնակցելու են մրցույթին: «Կազմակերպվելու են նաև մի շարք միջոցառումներ հյուրերի համար՝ այցելություններ թանգարաններ, արվեստի կենտրոններ։ Սա հնարավորություն է տալու նաև մեր հարուստ մշակութային ժառանգությունը դարձնել երկիրը բացահայտելու և այդ իմաստով հետագա զբոսաշրջային ուղիներն ու հոսքերը խթանելու ուղղություն»,-նշել է Ժաննա Անդրեասյանը։
ԿԳՄՍ նախարարը նշել է, որ Հայաստանի մասնակիցն այս տարի լինելու է 15-ամյա ֆլեյտահարուհի Էլեն Վիրաբյանը. նա արդեն իսկ ունի մեծ ճանաչում, հեղինակավոր նվագախմբերի հետ է հանդես եկել: